«Արա Աբրահամյանը երբևէ որևէ ընդդիմադիր թեկնածուի չի էլ պաշտպանել»

Երեկ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը
սատարելու մասին:

Ըստ նրա` նախագահին սատարելու որոշումն ընդունվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի նիստում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ա. Աբրահամյանը նշել է, որ Ս. Սարգսյանի թեկնածությանն աջակցելու համար շատ պատճառներ կան, ինչպես, օրինակ, որ նա խոստացավ և ստեղծեց Սփյուռքի նախարարություն:

Արդյո՞ք այդ հայտարարության մեջ որոշակիորեն արտահայտվում է նաև Ռուսաստանի դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրություններում: Մեր այս հարցին ի պատասխան` «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց. «Ինչքան ես հիշում եմ` Արա Աբրահամյանը երբևէ որևէ ընդդիմադիր թեկնածուի չի էլ պաշտպանել: Ինչքան ես հիշում եմ` այդ կառույցը միշտ պաշտպանել է գործող իշխանությանը տարբեր ձևերով` Ռոբերտ Քոչարյանն է եղել, Սերժ Սարգսյանն է եղել: Այսինքն` մենք որևէ նորություն չգիտենք այդտեղ:

Կարծում եմ` Ռուսաստանն իր դիրքորոշումը Հայաստանի հետ փոխհարաբերություններում միշտ արտահայտել է շատ թափանցիկ և հստակ, այսինքն` իշխանություն-իշխանություն սկզբունքով: Կարծում եմ` պետք չէ ինչ-որ ենթատեքստեր փնտրել: Դա Սերժ Սարգսյանի և Արա Աբրահամյանի հերթական, այսպես ասած` գովազդային քայլն է»: Իսկ ինչ վերաբերում է Ա. Աբրահամյանի` ընդդիմության թեկնածուին սատարելու մասին հնչեցրած դիտարկմանը, ըստ որի` «Երկու ամսում չեն դառնում նախագահ:

Նախագահ դառնալու համար պետք է պատրաստվել», Ա. Կարապետյանն ասաց. «Ճիշտն ասած, քանի որ ամբողջությամբ ծանոթ չեմ այդ հայտարարությանը, դժվարանում եմ բացատրել, երբ ասում են` «երկու ամսում նախագահ չեն դառնում», և այլն: Այսինքն` ի՞նչ նկատի ունի` երկու ամսում, ի՞նչ է` մարդիկ երկու ամսում եկել են, ուզում են դառնալ նախագա՞հ: Քանի դեռ հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի, անհասկանալի է ինձ համար, թե ի՞նչ է դա: Եվ դա է պատճառը, որ որևէ բան մեկնաբանել չեմ կարող: Մարդիկ գործում են Հայաստանում երկար տարիներ և կարող են առաջադրվել ոչ թե երկու ամսում, այլ երեք օրում, և ընտրության օրն էլ հաղթել: Այսինքն` դա ի՞նչ է նշանակում»:

Իսկ ինչ վերաբերում է Ա. Աբրահամյանի այն խոսքերին, թե Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու համար շատ պատճառներ կային, ինչպես, օրինակ, նա խոստացավ և ստեղծեց Սփյուռքի նախարարություն, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահն արձագանքեց. «Սկսենք այն բանից, որ Սփյուռքի նախարարություն ստեղծելու առաջարկն ընդդիմությանն է եղել, հատկապես` մերը:

Իսկ թե Սերժ Սարգսյանը խոստացավ և ստեղծեց այն` չգիտեմ` ի՞նչ նկատի ունի, իմ կարծիքով` ոչ միայն Արա Աբրահամյանը, այլև յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ քաղաքականությամբ զբաղվող ուժ, որպեսզի կարողանա Սերժ Սարգսյանին պաշտպանել, պետք է գտնի բազում դրական տեղաշարժեր, որովհետև ես չգիտեմ, թե Արա Աբրահամյանն ինչպե՞ս է Մոսկվայից տեսնում այդ դրական տեղաշարժերը, բայց մենք` տեղում եղած մարդիկ, այդ դրական տեղաշարժերը շատ քիչ ենք տեսնում: Դա է պատճառը, որ հիմա հազար ու մի բան կարող է ասվել` զուտ պաշտպանելու համար: Ճիշտն ասած, մենք մեկ շաբաթ առաջ տեղեկություն ունեինք, որ նման հայտարարություն է լինելու: Եվ, ինչքան գիտենք, հիմա Սփյուռքի տարբեր կազմակերպական կառույցներ հրավիրվում են Հայաստան, խոսվում է այն մասին, որպեսզի նրանք էլ պաշտպանեն, թեև դեռևս առաջադրումներ չկան: Հետաքրքիր է, չէ՞»:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադառնալով Ա. Աբրահամյանի հայտարարությանն` ասաց. «Դա բացառապես Արա Աբրահամյանի և նրա ղեկավարած կառույցի որոշելիքն է, և ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որևէ անդամ այդտեղ մեկնաբանելու խնդիր ունի: Եթե Արա Աբրահամյանը գտնում է, որ հիմա ժամանակն է նման հայտարարություն անելու, ապա նման հայտարարություն անելու ժամանակը որոշելու իրավունքը բացառապես իրենցն է, և մենք կարող ենք ի գիտություն ընդունել Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարի այդ հայտարարությունը, բայց ոչ երբեք մեկնաբանել, որովհետև դա բացառապես մեր մեկնաբանության տիրույթում չգտնվող հարց է»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հասարակական կազմակերպությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել իր ցանկալի թեկնածուին սատարելու հարցում:

Մեր հարցին, թե արդյո՞ք դա նախընտրական PR ակցիա է, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնամ գնահատելուց` որպես նախընտրական քարոզչություն, PR, որովհետև, կարծես թե, բավականին երկար ժամանակ կա քարոզարշավի համար, և այսօրվա հայտարարությունը չեմ կարծում, թե մեկ շաբաթ հետո հայ հասարակությունը հիշելու է, որ աջակցություն է հայտնվել:

Այնպես որ, կարծում եմ` այդ տեսանկյունից դժվար թե PR լիներ: Իսկ ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե երկար ժամանակ է պետք նախագահ լինելու համար, բնականաբար, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, օրինակ, Մերձբալթյան երկրներում նույնիսկ գնացին իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին արտասահմանից բերեցին, երկար ժամանակ նշանակեցին նախագահ, վարչապետ, որպեսզի զերծ եղած լինեն այն դրսևորումներից, որոնք եղել են խորհրդային ժամանակաշրջանում: Այս դեպքում պարոն Աբրահամյանի ասածը, եթե վերաբերում է երկար ժամանակ իշխանության մեջ լինելուն, դա նշանակում է, որ երկրում իշխանության դուռը միայն մի կողմից է` ետնամուտքից, և ընտրություններն անցկացնելն անիմաստ է: Իշխանության մեջ աստիճանական բարձրանալով` պետք է գաս ինչ-որ պաշտոնի, այդ դեպքում` նախագահի, որն ընդունելի չէ ինձ համար: Նախագահի համար նախ` անհրաժեշտ է քաղաքացիների վստահությունը, և երկրորդ` բնականաբար, քաղաքական որոշակի կարողություններ, կամք, որպեսզի այդ պաշտոնին վերապահված լիազորություններն իրականացվեն»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս