
«ՀՀԿ-ն ձեռնարկել է մանդատը էստաֆետով Ռուբեն Հայրապետյանից փոխանցել գործող քաղաքապետի աներձագին»

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերահաստատեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Պատասխանելով լրագրողներից մեկի` իր հնարավոր առաջադրման վերաբերյալ հարցին, Հ.Հովհաննիսյանն ասաց.
«Այս իրավիճակում, երբ, ըստ էության, սկսվել են ֆորսմաժորային զարգացումներ, և մի իրավիճակում, երբ պարզից էլ պարզ է, որ Ավանի`թիվ 1-ին ընտրատարածքում չեն լինելու ընտրություններ, այլ լինելու է հերթական պատգամավորի նշանակում, ինչն, իհարկե, չափազանց մտահոգիչ է, քանի որ այն բանից հետո, երբ ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանն ընդունեց իր պատասխանատվության և մեղքի բաժինը և վայր դրեց իր մանդատը, իր հարազատ ՀՀԿ մարմինը պետք է որոշում կայացներ, որ ՀՀԿ-ն` որպես իշխող կուսակցություն, նույնպես ընդունում է իր մեղքի բաժինը, որովհետև իր ղեկավար մարմնի անդամն ընդունել է, և այդ ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու:
Ինչո՞ւ, որովհետև առաջադրելով թեկնածու` ՀՀԿ-ն փաստորեն ձեռնարկել է մանդատը էստաֆետով Ռուբեն Հայրապետյանից փոխանցել գործող քաղաքապետի աներձագին, ով, իմիջիայլոց, զբաղեցնում է վարչական բարձր պաշտոն (կադաստրի պետի տեղակալն է):
Այսինքն, եթե խորհրդարանական դաշտից մարդն անցնում է գործադիր իշխանություն, դա հասկանալի է, բայց եթե գործադիր իշխանությունից նշանակվելու է խորհրդարանում` որպես պաշտոնը թողնելու դիմաց փոխհատուցում, այս իրավիճակում մասնակցել ընտրություններին, նշանակում է լեգիտիացնել այդ ընտրությունները»:
Արամ Սարգսյան