Բաժիններ՝

Համաձայնեցված վայրէջք` պարտադիրի տեսքով

Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով: Ժամանակի ոչ ուշ կտրվածքով հայկական կողմը պարզաբանեց, որ վայրէջքը ոչ միայն պարտադիր չէր, այլ նախապես համաձայնեցված էր երկու կողմերի միջև:

Ավելին. մի քանի շաբաթից ավելի հայկական կողմը թղթատարարական աշխատանքը ամբողջացնում էր թուրքական տրամադրելի օդանավակայանում վայրէջք կատարելու, համապատասխան ստուգումների ենթարկվելուց հետո դեպի Հալեպ ուղևորությունը շարունակելու համար: Պարզ է, որ թուրքական կողմը ի սկզբանե և պաշտոնապես իր համաձայնությունը տվել էր հայկական օդանավի կարճատև կանգառին, նախապես իմանալով, որ բեռնատար օդանավը կրելու է բացառապես մարդասիրական բնույթի օժանդակություն` սննդամթերրք:

Թուրքիայի օդային տարածքը կտրող և Ռուսաստան-Սիրիա ճանապարհը իրականացնող ուղևորատար օդանավի հարկադիր վայրէջքից հետո, Անկարան կնախընտրեր կանխավ չտեղեկացնել իր պաշտոնական և ոչ-պաշտոնական լրատվամիջոցներին հայկական կողմի հետ կայացած համաձայնության մասին: Այս նշանակում էր պարզապես, որ վայրէջքից անմիջապես հետո թուրքական և միջազջային լրատվադաշտերը պիտի հորդեին վայրէջքի բնույթի մասին հսկայածավալ ապատեղեկատվությամբ` դեպի Սիրիա ուղևորվող ահավասիկ երկրորդ օդանավն էր, որ հար և նման Ռուսաստան-Սիրիա թռչող օդանավին, թուրքական կործանիչների ճնշման տակ կպարտավորվեր վայրէջք կատարել:

Սիրիայի նկատմամբ պատերազմական նախաշեմի կարգավիճակ ցուցադրող Անկարան պատահարները կտեղադրեր նման ցուցադրություն աշխարհին փոխանցելու իր քաղաքականության շրջածիրում: Սահմանագծին թուրքական ուժերի կուտակում, պատերազմ սկսելու հանկերգի անընդմեջ կրկնում, պատերազմի նախապատրաստության մեջ ՆԱՏՕ-ին ներքաշելու փորձերը և նմանատիպ երևույթները վկայում են այդ փաստի մասին:

Լրատվամիջոցներին այս մասին չտեղեկացնելուն կհետևեր նաև առաջացած լրատվական մառախուղը չփարատելու կամ թողարկված լուրերն ու մեկնաբանությունները չհերքելու Անկարայի քարոզչամեքենայի քաղաքականությունը: Թուրքական լրատվամիջոցները պետք է շարունակեին զուգահեռնել գծել Մոսկվա-Դամասկոս և Երևան-Հալեպ թռիչքների և մանավանդ նրանց վայրէջքի գործողություններին միջև: Հստակ էր, որ առաջինը հանկարծակի էր, կործանիչների ճնշման տակ, մինչ երկրորդը նախապես համաձայնեցված կանգառ էր:

Բայց թուրքական խաղը չէր դիմացել զուտ լրատվական ապատեղակատվության սահմաններից դուրս չգալու փորձությանը: Թուրքիայի վարչապետը ի՛նքն էր մատնել իր պետության կիրարկած կրկնակի խաղը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը այսօր պարտադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում, արձանագրված խախտումների պատճառով:

«Վայրէջքը իրականացվել է մի շարք խախումների պատճառով, սակայն քննություններից հետո օդանավը մեկնել է, քանի որ հետևանքներ առաջացնող որևէ խնդիր չի հայտնաբերվել» հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը այնպես էլ չի նշում թե ի՞նչ են այն խախտումները, որոնք արձանագրել է հայկական օդանավը: Այստեղ սակայն, բեմագրությունը բոլորովին այլ է: Թռիչքը, որովհետև անորոշ խախտումներ է արձանագրել, պարտադիր վայրէջք է կատարել: Տրամաբանությունը երկու տարբերակ է հուշում:

Երրորդը բացառված է:Կա՛մ այն է, որ թուրքական համապատասխան ծառայությունները տեղյակ չեն պահել իրենց վարչապետին, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են և համաձայնել` նախատեսելի վայրէջքի մասին, կա՛մ էլ` վարչապետը տեղյակ լինելով հանդերձ շրջում է իրողությունը: Չզբաղվենք առաջին վարկածի անհեթեթությամբ և վերահամոզվենք, որ թուրքական ցուցադրականության լրիվ ծառայեցնելու փորձ է կատարվել պարզապես: Էրդողանի հայտարարությունը անմիջապես նախքան Բաքու մեկնելով բացատրությունը մեծ կարևորություն չունի այստեղ: Այսօրվա պատկերը այն է, որ Եվրամիությունը իր օդային տարածքը փակում է դեպի Սիրիա իրականացվող բոլոր տեսակի թռիչքների առջև, մինչ Թուրքիան պարտադիր և համաձայնեցված վայրէջքներ է կատարել տալիս։ Համաձայնեցվածին էլ պարտադիրի բնույթ ցուցադրելով:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս