Աթանեսյանը միջնորդություն է ներկայացնելու` Օսկանյանի գործը կարճելու վերաբերյալ

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է առաջիկայում միջնորդություն  ներկայացնել Վ. Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ: Նրա համոզմամբ` այդ գործը որևէ հեռանկար, այդ թվում՝ դատական,  չունի,  ուստի պաշտպանի կարծիքով, միակ ելքը այն կարճելն է:

Ըստ «Փաստինֆոյի»` Աթանեսյանը դիմումում ցույց կտա իրավաբանական գիտության մեջ առկա կարծիքները հափշտակության և փողերի լվացման հանցակազմերի մասին,  ինչպես նաև կներկայացնի մնացած փաստական հանգամանքները, որոնք, նրա գնահատմամբ,  սխալ են մեկնաբանվում:

Մասնավորապես,  և՛  ՀՀ  գլխավոր դատախազի միջնորդագրում,  և՛  քննիչների որոշումներում  «կարմիր թելով»  անցնում է մի միտք, ըստ որի  Վ.Օսկանյանը  պետք է անմիջապես փոխանցեր գումարը, քանի որ դա նախատեսված էր «Սիվիլիթաս»-ի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանի և Հանթսմանների միջև կնքված պայմանագրով: Վերջինս, փաստաբանի գնահատմամբ,  քաղաքացիա-իրավական երևույթ է և պարտադիր է երկու կողմերի համար. «Եթե  պրն. Օսկանյանը   չի ստորագրել այդ պայմանագիրը կամ տեղյակ չէ,  ինչպե՞ս կարող է դա իր համար պարտադիր լինել»,- ասել է Աթանեսյանը` հավելելով, որ եղել է բանավոր պայմանավորվածություն  գումարները Վ. Օսկանյանի հայեցողությամբ  տնօրինելու մասին:

Դատախազին Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բողոքարկելը  պաշտպանն անիմաստ  է համարում՝  մեղադրանքը դատախազն  ու նախաքննական մարմինը միասին են  գրում և նախապես համաձայնեցնում  դատախազության հետ, իսկ դատարաններում այն բողոքարկելը կհանգեցնի մերժման: «Եվ կստացվի,  որ դատարանները նախապես կհաստատեն,  որ մեղադրանքը ճիշտ է»,- ասել է նա:

Նրա խոսքով` «Վճռաբեկ դատարանի անքննելի ջրհորդան ներում» գտնվող  դիմումից, որով Վ. Օսկանյանը դեռևս որպես վկա բողոքարկել է ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը,  կողմը ակնկալիքներ չունի: «Սպասում ենք դիմումը վերադարձնելու որոշում,  մեր Վճռաբեկ դատարանը ուրիշ ոչինչ չի հաստատում»:

Անդրադառնալով Վ. Օսկանյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու մասին հարցին՝  Տ. Աթանեսյանը նշել է. «Այս երկրում ոչ ոք չի վստահում նախաքննության մարմնին»: Ըստ նրա` «երբ պարզ դարձավ, որ քրեական հետապնդումը իրականում քաղաքական հետապնդում է,  պրն Օսկանյանը հրաժարվեց ցուցմունք տալուց»:  Պաշտպանական կողմը որդեգրել է սովորական մարտավարություն՝ միջնորդությունների միջոցով  ի ցույց դնել  «չակերտավոր ապացույցների ողջ սնանկությունը»:

ԱԺ ՀՀԿ  խմբակցության  ներկայացուցիչների հայտարարությունները, թե Վ. Օսկանյանը պետք է ապացուցի իր անմեղությունը, նրա գնահատմամբ, պարզապես իրավական անգրագիտություն է: «Երևի այդ խմբակցությունում շատ կան մարդիկ, ովքեր օր ու գիշեր մտածում են, երբ  որ  օրը գա ինչպես են ապացուցելու իրենց անմեղությունը,  երևի սեփական վախերը վերագրում են  պրն Օսկանյանին»,- ասել է Աթանեսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս