Դատախազը պետք է ապահովի հանրության վստահությունը. ԵՄ պատվիրակությունը՝ Օսկանյանի գործի մասին

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանություն է տվել նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

«Մենք ուշադիր հետևել ենք Սիվիլիթաս հիմնադրամ ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Վարդան Օսկանյանի գործի շուրջ զարգացումներին: Պարոն Օսկանյանի պարագայում արդարադատության խտրական կիրառման և գործի՝ քաղաքական դրդապատճառներ ունենալու մասին ընկալումներից խուսափելու համար շատ էական է, որ գլխավոր դատախազը իրավական ընթացակարգերի թափանցիկությունն ապահովելու համար ձեռնարկի հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ապահովի հանրության վստահությունը, որ հարգվել են միջազգային դատական չափանիշները և պարոն Օսկանյանի բոլոր իրավունքները: Եվրոպական Միությունը կշարունակի հետևել այս գործի զարգացումներին»,- նշված է ԵՄ պատվիրակության մեկնաբանությունում։

Մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը գլխավոր դատախազի միջնորդությամբ Վարդան Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նրան գործում ներգրավի որպես մեղադրյալ:

Տեսանյութեր

Լրահոս