Ովքե՞ր են աղավաղել հայոց պատմությունը
2009թ. Հայաստանի մշակույթի նախարարությունն ամերիկյան AMAP (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կազմակերպության հետ մի պայմանագիր է ստորագրել, համաձայն որի` AMAP-ը պետք է ապահովեր հայկական հուշարձանների զարգացման աշխատանքները: Խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքով մեկ պատմական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներին: Ընդ որում, հայաստանյան հուշարձանների` եկեղեցիների, պատմական կոթողների (և այլն) տարածքում տեղեկատվական վահանակներ տեղադրելու առաջարկը եղել է AMAP-ի կողմից, որն էլ ընդունել և ֆինանսավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Պարզվում է` այդ ցուցանակներն աղաղակող կեղծ փաստեր են պարունակում, որի մասին դեռևս 2011թ. ահազանգ է հնչեցվել անձամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
«Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ, «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբի հիմնադիր անդամ Մարինե Վահրադյանը դեռ երեք տարի առաջ բացահայտելով, թե հայկական հուշարձանների տարածքում ինչպիսի խեղաթյուրված տեղեկատվություն է տարածվում` ահազանգ է հնչեցրել համապատասխան մարմիններին, ընդհուպ` ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը:
«Հյուրերիս հրավիրել էի մեր պատմական տարածքները ցույց տալու: Մոտենալով ցուցատախտակին` ցանկացա ինչ-որ բաներ կարդալ, որ իրենց կենդանի խոսքով մի քանի պատմական իրադարձության կամ ժամանակաշրջանի մասին ներկայացնեմ: Աչքիս զարնեց «Ադրբեջանի թագավորություն» ասած հասկացողությունը, թե` Սայաթ-Նովան դիվանագիտական միսիա էր կատարում Ադրբեջանի թագավորության համար: Դա ինձ ուղղակի ցնցեց, և ես այնպես արեցի, որ իմ հյուրերն ուղղակի այդ ցուցատախտակին չմոտենան»,- 168.am-ի հետ զրույցում պատմել է Մ. Վահրադյանը:
Որպես Քարահունջի հնագույն անվանում` ցուցավահանակի մեջ նշված է Ղոշունդաշ թուրքական անվանումը, իսկ, օրինակ` Նորավանքում տեղադրված ցուցանակի մեջ գրված է, որ ճարտարապետ Մոմիկը ճարտարապետության այդ հիմունքները տարբեր երկրներից է բերել` Հայաստանում ներդնելու համար: Մ. Վահրադյանը վստահեցնում է, որ «Հայի միտք» համահայկական մասնագիտական ակումբի անդամները շուտով այս խնդրի վերաբերյալ նամակով կդիմեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ազգային անվտանգության խորհրդին:
Տարօրինակ է, որ ամերիկյան AMAP կազմակերպությունն է առաջարկել Հայաստանի հուշարձանների մասին պատմող տեղեկատվական վահանակների գաղափարը: Տարօրինակ է նաև այն, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պայմանագիր ստորագրելով` ֆինանսական մեծ հոսքեր է տրամադրել ամերիկյան մի կազմակերպության, որը հայ մշակույթին և պատմությանը տեղյակ չլինելով` ոչ դիտավորյալ կամ դիտավորյալ պատմական խեղաթյուրված տեղեկատվություններ է տեղադրել հուշարձանների տարածքներում: Այն դեպքում, երբ այդ ցուցատախտակների վրայի ինֆորմացիան առաջին հերթին ընթերցում են զբոսաշրջիկները, և կարող էին նաև տեղի մասնագետների կարծիքը հարցնել:
Մ. Վահրադյանը վստահեցնում է, որ հայ մասնագետներից որևէ մեկը տեղյակ չէ, թե այդ տեքստերն ամերիկյան կազմակերպությանն ով է տրամադրել:
Մ. Վահրադյանը նաև հիշեցնում է, որ Անգլիայում վերջերս տպագրվել է աշխարհագրական մի հանրագիտարան, որը Հայաստանի գրախանութներում 10.000 դրամով է վաճառվել, և դրա մեջ Հայաստանի մասին բաժնում զետեղված է հետևյալ տեղեկատվությունը. «Պետական լեզուն՝ ադրբեջաներեն, հայերեն. Կրոնը` շիա իսլամը և քրիստոնեությունը, իսկ փողը` մանաթը և դրամը»: Աշխարհագրական հանրագիտարանը ներկայացնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն`Մ. Վահրադյանն ահազանգել է այդ փաստի մասին, սակայն մինչ օրս ԱԱԾ-ից արձագանք չի ստացել: Նա նաև հիշեցնում է, որ Անգլիայում հսկայական մի թանգարան է բացվել, որտեղ հայկական լեռնաշխարհը, հայկական Ուրարտուի մշակույթը ներկայացված է՝ որպես հնագույն Թուրքիա, և թանգարանում այն, ինչ ցուցադրված է` պատկանում է Թուրքիայի ժառանգությանը: «Սա տեղեկատվական էքսպանսիա է, և զարմանալի է, որ մեր մասնագետները տեղեկատվական դաշտում տանուլ են տալիս»,- ասում է Մ. Վահրադյանը:
Մ. Վահրադյանի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ունեցած զրույցի և ամերիկյան այդ կազմակերպության նամակ-պատասխանի մասին կարդացեք «168 Ժամի» վաղվա համարում: