Բաժիններ՝

Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները` անհայտ ժամկետներում

«Մենք մտադրված էինք ամռանը հայտարարել ընտրություններ, բայց հաշվի առնելով, որ բուհում ընթացող գործընթացներն, առանց վերջնականապես ընտրված ղեկավարի, իրենց բնական հունով ընթանում են, մյուս կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեկտորների ընտրության համապատասխան ընթացակարգն ամբողջությամբ պահպանվում է, և այսօր մենք որևէ խախտում  չունենք՝ նպատակահարմար ենք համարում այս պահին ընտրություն չհայտարարել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ խոսելով Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունների հետաձգման մասին:

Նրա կարծիքով՝ այս հարցն իրականում բացասաբար չի ազդում բուհի գործունեության վրա: «Նաև պետք է շեշտեմ, որ եթե նախկինում որոշ բուհերում ընտրություններ հայտարարելով` շատ արագ արժանանում էինք քննադատության առ այն, որ նախարարությունը փորձում է օր առաջ այնտեղ մարդ նշանակել, և որոշակի դժգոհություններ կային այս առիթով, անհասկանալի է, թե ինչո՞ւ են հիմա դժգոհություններ առաջանում, երբ նախարարությունՆ ընտրությունների մեջ չի փորձում մարդ անցկացնել: Բոլոր դեպքերում, եթե շուտ էինք հայտարարում, էլի քննադատվում էինք, եթե ուշ ենք հայտարարում` էլի քննադատվում ենք: Կարծում եմ, որ այստեղ որևէ լուրջ, խորքային պրոբլեմ գոյություն չունի»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները լինեն նախագահական ընտրություններից հետո, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ չգիտի:  Ըստ Կրթության և գիտության նախարարի՝ օրենսդրությունը ռեկտորի ընտրության համար ժամանակային որևէ սահմանափակում չի դնում:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Բժշկական համալսարանի ռեկտորի թեկնածուների թվում են համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Արա Մինասյանը: Վերջինս նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է:

Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո ԵՊԲՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Սամվել Ավետիսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս