Շաթլ տիեզերանավը տեղավորել են գիտության թանգարանում
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Շաթլ տիեզերանավը տեղափոխել են Կալիֆոռնիայի գիտական կենտրոն, որը գտնվում է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մինչ թագարանում տեղավորվելը տիեզերանավը քաղաքի փողոցներով հազարավոր մարդկանց աչքի առջև անցել է մոտ 19 կմ ճանապարհ՝ շարժվելով 3,2 կմ/ժամ արագությամբ: Տոնական արարողությանը մասնակցել են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ քաղաքային իշխանությունները և այլ պաշտոնատար անձինք:
Շաթլ տիեզերանավի վերջին ճանապարհորդությունը ցուցադրվել է մասնավոր հեռուստաընկերությամբ:
Հաղորդվում է նաև, որ տեղական իշխանությունները ստիպված են եղել հատել մոտ 400 ծառ, որպեսզի «մաքրեն» տիեզերանավի ճանապարհը: Այդուամենայնիվ, սարքավորումը դժվարությամբ է անցել այդ ճանապարհը և հանդիպել է որոշ խոչընդոտների, քանի որ չափսերը բավական մեծ են:
Նշենք, որ տիեզերանավը շահագործվել է 1991թ.-ին: Իր առաջին չվերթը Շաթլը կատարել է 1992թ.-ի մայիսի 7-ին, իսկ վերջին չվերթը՝ 2011թ.-ի մայիսի 16-ին: Ընդհանուր առմամբ տիեզերանավը դեպի տիեզերք կատարել է 25 թռիչք և տիեզերքում անցկացրել է 299 օր: