Դեռևս ցուցակ չունեն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական մեղադրանք է առաջադրել իրավախախտ մանկատներին և ծերանոցներին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ անցկացվել են Հայաստանի բոլոր մանկատներում և ծերանոցներում: Արդյունքում պարզվել է, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ: Ստուգումները, ըստ Գայանե Սահակյանի, շարունակվելու են, իսկ իրավախախտ ընկերությունների ցանկը հանձնաժողովը կհրապարակի առաջիկայում, երբ վերջնականապես կպարզվեն, թե որ մանկատներում և ծերանոցներում են խախտումներ եղել:
Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովը հրապարակել է մանկատների և ծերանոցների կողմից սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության արդյունքները: Ըստ դրանց`որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չի հրապարակել նաև իրավախախտ ընկերությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը: