Բաժիններ՝

Թոնրատուն` ծառերի և բնակիչների հաշվին

Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից՝ իրենց շենքի առջև գտնվող կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները տևական ժամանակ է` փորձում են կանխել այն: Նրանք արգելել են շարունակել շինարարական աշխատանքները: Այդ բողոքի ակցիաներից հետո կառուցապատողները փաստաթղթեր էին ներկայացրել բնակիչներին, որոնց համաձայն՝ երկհարկանի առևտրի սրահ պետք է կառուցվեր այդ տեղում: Այժմ, սակայն, պարզվում է` մտադիր են թոնրատուն կառուցել:  Բնակիչները կտրականապես դեմ են այդ նախագծին և արդեն երկրորդ բաց-նամակն են հղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով կանխել տեղի ունեցող գործընթացները:

Դիմում-բողոք

«Մեծարգո պարոն Քաղաքապետ

Նախորդ նամակում տեղեկացրել էինք Ձեզ այն մասին, որ Արզումանյան 4 հասցեում գտնվող շենքի դիմացի հանրային կանաչ տարածքում ընթանում է անհասկանալի շինարարություն, որի պատճառով ծառահատվել և վերացվել է կանաչ գոտու մի մասը, փակվել է հետիոտների անցումը, իսկ շենքում առաջացել են նոր ճաքեր:

Վերջին օրերի ընթացքում, քանի որ մենք ներկայացրել էինք մեր բողոքը և Ձեզ, և ԶԼՄ-ների միջոցով, «լույս աշխարհ» եկավ շինարարության նախագիծը (հիմա էլ պարզվում է՝ երկհարկանի թոնրատուն է կառուցվում), ինչպես նաև Ձեր կողմից տրված նման աշխատանքների իրականացման թույլատվությունը: Ավելի քան համոզված ենք, որ Ձեզ ներկայացրած փաստաթղթերը ոչ լիովին օրինական են եղել, քանի որ անտեսված և շրջանցված են մի քանի շատ կարևոր դրույթներ`

1. Ապագա երկհարկանի շինության դեպքում հարակից շենքերի 1-2-րդ հարկերը բոլորովին կզրկվեն բնական լուսավորությունից, քանի որ նախատեսվող կառույցը գտնվում է նրանց անթույլատրելի մոտ` նույն նախագծում նշված 6 մետրի փոխարեն՝ 3 մետր հեռավորության վրա:

2. Արդեն իսկ հիմքը փորելու ժամանակ մոտակա Արզումանյան 4 և Հալաբյան  13 հասցեներում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքերի պատերին նոր ճաքեր են առաջացել: Շինարարության ժամանակ դրանց քանակը անկասկած կշատանա` լուրջ վտանգ առաջացնելով բնակիչների համար:

3. Ժամանակին միակողմանի (ինչը վերականգնելու համար ևս դիմելու ենք Ձեզ) Արզումանյան փողոցում գտնվում են 3 դպրոց` երկու հանրակրթական և մեկ արվեստի դպրոց: Նման շինության (օբյեկտի) հայտնվելը դպրոցների հարևանությամբ խիստ անցանկալի է, քանի որ առանց դրա էլ լարված ավտոմեքենաների հոսքը խթանելով, սեփական հոսքով, լուրջ վտանգ է ներկայացնելու դպրոցականների անցուդարձի համար:

4. Արմատախիլ են արվել մի քանի ծառեր. ի սկզբանե երեխաներին խոսք էին տվել, որ մանկական խաղահրապարակը վերականգնելուց հետո այստեղ կտնկվեն նոր ծառեր: Պարզվեց, որ ակնհայտ սուտ էր: Տարածքի սեփականատերը թույլ էր տվել իրեն դիմել այդ ստոր քայլին` առաջին հերթին «հիմնվելով», սակայն իրականում արժեզրկելով Ձեր իսկ կողմից նախատեսված` մեր քաղաքի համար շատ կարևոր և հեռատես կանաչապատման քաղաքականությունը: Հավանաբար, ունենալով բարձրաստիճան և ազդեցիկ հավանավորներ, որոնք, հավանաբար, օգնել են նրան շրջանցել մի շարք դրույթներ, սեփականատերը կարծում էր, որ այս «անմեղ» արարքն էլ իրեն կներվի:

Ավելին` Ռաֆիկ Ազատյանը, որպես «փաստարկ», ակտիվորեն ներկայացնում է տարածքի ձմեռային լուսանկարը, որն ինքն արել է մինչ հողատարածքին տիրանալը: Մերկ ծառեր, չորացած խոտ: Այսինքն՝ ամայի տարածք, չոլ: Դիմենք «Google Map»- ի օգնությանը: Նամակին կցված լուսանկարի ձախ կողմի վերևի նկարում,որն արված է օգոստոսի սկզբին, բացահայտ երևում են Ազատյանի կողմից կտրած ծառերի սաղարթամասերը: Բացի այդ, մենք նույնպես ունենք այդ հողատարածքի ձմեռային լուսանկարը, ավաղ, Ազատյանի համար ոչ օգուտ տեսանկյունից: Այ քեզ բան… Կրկին ծառեր…

Իսկ ահա Ազատյանի զոհերը՝ կարմիրով ընդգծված կտրած ծառերի սաղարթամասերը, որոնք նա բների հետ անկանխատեսորեն չի հասցրել տեղափոխել… շառից-փորձանքից հեռու: Եվ այդ ամենից հետո պարոն Ազատյանը պիտի հեքիաթներ հորինի՞ և մարդկանց աչքերին թոզ փչի՞…

Հաշվի առնելով այս ամենը, մենք խնդրում ենք Ձեզ վերանայել և չեղյալ ճանաչել Ռաֆիկ Ազատյանին 13.04.2012 տրված №01/18-Ա-1616-229 շինարարության թույլտվությունը (կից ներկայացված է թույլտվության պատճենը): Խնդրում ենք Ձեզ պարտավորել Ռ. Ազատյանին վերականգնել տարածքի սկզբնական տեսքը: Մենք էլ մեր կողմից` թաղապետարանի աջակցությամբ, դուրս կգանք շաբաթօրյակի և նոր ծառատունկ կկազմակերպենք:

Մեծարգո պարոն Մարգարյան, հարգելով այն ամենը, ինչ Դուք անում եք մեր քաղաքի համար` վերանորոգելով և գեղեցկացնելով մեր սիրելի Երևանը, անթույլատրելի ենք գտնում, որ մեկ անփույթ և խարդախ «բիզնեսմենի» պատճառով անցանկալի ստվեր ընկնի Ձեր նման անձնվեր մարդու հոգատար գործունեության վրա:

Մենք գիտենք, որ Դուք հիմա զբաղվում եք մեր քաղաքի ծննդյան օրվա՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով, սակայն համոզված ենք, որ տոնակատարությունից հետո Դուք սատար կկանգնեք այն քաղաքացիներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, ովքեր սատարում են Ձեզ և Ձեր ընտրած անչափ շնորհակալ և մարդասիրական ուղին, ինչն է՝ մեր քաղաքի կանաչապատումը, մանկական հրապարակների ստեղծումը: Հավատացեք, որ մեր երեխաները, Երևանի ապագան, որոնց խոստացել էին այդ խաղահրապարակը, հավատում են և սպասում: Նրանք հուսով են և հավատում են, որ դուք կվերականգնեք արդարությունը և շուտով նրանց կնվիրեք իրենց փափագելի կանաչապատ մանկական խաղահրապարակը:

Մինչ որոշում կայացնելը, խնդրում ենք Ձեր միջամտությամբ կասեցնել շինարարության շարունակությունը` բնակիչներին անցանկալի քայլերից զերծ պահելու համար:

Հարգանքով` Արզումանյան, 4 շենքի բնակիչներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս