Թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ Լևոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքրիր տեղեկատվություն է հաղորդում Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցող կադրային նոր նշանակումների մասին:
«Ժամանակից շուտ Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած Բալասանյան Սամվելն արդեն կատարել է նոր նշանակումներ: Նա դեռ երկու օր առաջ հայտարարել էր, որ պետք է ուսումնասիրվեն համայնքային աշխատողների անձնագրերը, ապա նոր կատարվեն ազատումներ: Սակայն քաղաքապետը, սեփական թիմն արագ իշխանության բերելու մտադրությամբ, ազատել է գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին և ստեղծել արենակցական-հարազատական քաղաքապետարան: Արդեն նշել ենք, որ դեռևս քաղաքապետի պաշտոնը չստանձնած՝ Բալասանյանը պաշտոնանկ էր արել քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին և նշանակել Զոհրաբ Եգանյանին:
Առաջինը հրաժարականի դիմում ներկայացրած փոխքաղաքապետ՝ Կոմկուսի Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի փոխարեն, քաղաքապետի տեղակալ է նշանակվել Ռուբիկ Սանոյանը՝ Բալասանյանի քրոջ ամուսինը: Սանոյանը նախկինում եղել է Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնտեսվար, մշակույթի տան տնօրեն, գարեջրի գործարանի տնօրեն, ապա ՕԵԿ քվոտայով մի քանի ամիս եղել է փոխմարզպետ…
Հիմա լրագրողները զվարճանալու շատ առիթներ կունենան, որովհետև մտավոր սուղ ընդունակությունների տեր Սանոյան Ռուբիկը միշտ իր ,,զվարճալի,, հայտարարություններով, ,,մասնագիտական,, մտորումներով ստիպել է մարդկանց թաքցնել իրենց ծիծաղը՝ բարեկրթությունից ելնելով… Թվում էր, թե մյուս փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանը պիտի շարունակեր պաշտոնավարումը, քանի որ նա ՕԵԿ անդամ է, սակայն Բալասանյանը դրժել է իր խոստումը, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին Մոսկովյան շրջանի գործկոմի նախագահին ազատել փոխքաղաքապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել իր սանիկ Գուրգեն Մալխասյանին, որը Բալասանյանի նախընտրական շտաբում էր, եղել է ԱԺ-ում նրա օգնականը:
Իր պաշտոնավարման առաջին օրը Բալասանյանը հայտարարել էր, թե բոլոր նրանք, ովքեր կկամենան շարունակել իրենց պաշտոնավարումները՝ կարող են հանգիստ լինել, ինքը որևէ մեկին չի ազատի աշխատանքից: Բայց ահա Ռուդիկ Հովհաննիսյանի՝ փորձառու և հմուտ կառավարիչի դեպքում, Բալասանյանը գհավանաբար իր նկատառումներն է ունեցել և ջանացել է վրեժխնդիր լինել ՕԵԿ-ից այն բանի համար, որ իրեն չի սատարել: Վարդան Ղուկասյանի մտերմագույն ընկեր և Գյումրու ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Հովհաննես Գրքիկյանը այլևս բնակկոմունալ բաժնի պետը չէ:
Նրա փոխարեն այս պաշտոնը քաղաքապետը տվել է Կնյազ Մանասյանին՝ մի մարդու, ով տարբեր պաշտոններ է վարել քաղաքում, իսկ վերջին տարիներին ՕԵԿ անդամ էր…
Քաղաքաշինության բաժնի պետ Ռաֆիկ Հակոբջանյանին փոխարինել է Հրայր Կարապետյանը, ով Վարդան Ղուկասյանի օրոք ևս մի շրջան աշխատել էր այս պաշտոնում, սակայն նրա անվան հետ որոշակի «պատմություններ» կան կապված… Կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանին էլ փոխերինել է Արմեն Նախշքարյանը: Ամենաեկամտաբեր պաշտոններից մեկը՝ եկամուտների հավաքագրման բաժնի պետը, բաժին է հասել Բալասանյանի նախկին օգնական Բադալյան Կարենին, ով գարեջրի գործարանից է սկսել Բալասանյանի հետ իր «համագործակցությունը»:
Ստացվում է, որ, խախտելով համայնքային ծառայողների իրավունքները, Բալասանյանը մղվում է մի աշխատակազմի ձևավորման, ուր մեկը մյուսի հետ ունի արենակցական-հարազատական կապեր: Մեզ հետ նախօրեին ունեցած զրույցում ավագանու նորընտիր անդամ՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, թե ավագանին ամեն ինչ անելու է, որպեսզի նշանակումները լինեն օրենքի սահմաններում, մրցութային կարգով՝ հաշվի առնելով առաջադրվողների մասնագիտական որակները: Սակայն հազիվ թե մեր գործընկերոջ ցանկություններն իրականություն դառնան, որովհետև ավագանու լիազորություններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 12-ից, մինչդեռ Բալասանյանը շտապում է իր մտերիմներին ու հարազատներին ապահովել պաշտոններով հիմա, որպեսզի ավագանին հետագայում չկարողանա ընդդիմանալ այդ նշանակումներին:
Ավելացնենք ևս մի հանգամանք. բոլոր պաշտոններ ստացած անձինք նախկինում եղել են ՕԵԿ անդամ, ապա անդամագրվել են ԲՀԿ-ին: Ստացվում է, որ Գյումրու նոր քաղաքապետարանը կարող ենք կոչել նար կուսակցափոխների աշխատակազմ: Ի դեպ, իր պաշտոնը կպահպանի միայն մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը՝ Վարդան Ղուկասյանի կերուխումերի թամադան ու արտասանողը: Նա ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, իսկ Բալ;ասանյանը չի կամենա խնդիրներ ունենալ իշխող կուսակցության հետ…»: