«Պետությունը և քաղաքացիական հասարակությունը ուժեղ են փոխադարձաբար իրար լրացնելով». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարին:
Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով, ողջունել մասնակիցներին և մաղթել արգասաբեր աշխատանք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ համագումարին.
«Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սրտանց ողջունում եմ «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ համագումարի մասնակիցներին քաղաքամայր Երևանում: Ուրախ եմ տեսնելու բազմաթիվ հին ծանոթների և ընկերների, որոնք հայրենիք են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ համահայկական խնդիրների օրակարգը ճշտելու, այդ հարցերը բաց քննարկելու ցանկությամբ:
Ուրախ եմ նաև նոր դեմքեր տեսնելու առիթով: Վստահ եմ, որ մեր ծանոթությունը և բարեկամությունը մեծ ապագա է ունենալու: Վստահ եմ, քանի որ մեզ միավորում են շատ կարևոր արժեքներ ու զգացմունքներ: Դրանք արժեքներ են, որոնք թույլ են տվել հայ ժողովրդին անցնելու պատմության քառուղիներով՝ պահպանելով մեր տեսակը՝ հայի տեսակը: Եվ մենք դեռ հազարամյակներ ունենք առջևում, որոնք անցնելու ենք միասին:
Բոլորիդ սրտանց ուզում եմ ասել՝ բարո՛վ եք եկել Հայաստան, բարո՛վ եք եկել Հայրենիք:
Սիրելի՛ բարեկամներ,
Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել: Մենք սակավաթիվ ենք, ուստի և պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք՝ հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները:
Պետք է նշեմ, որ այդ առումով մենք՝ որպես ժողովուրդ, կարողացել ենք որոշակի հաջողություններ արձանագրել: Դրանք հաջողություններ են, որոնք ոմանց հանգիստ չեն տալիս: Բայց այդ ամենը մենք անում ենք ոչ թե ուրիշներին գրգռելու, այլ մեր տեղական և համազգային բնույթի հարցերը լուծելու համար:
Այսօր աշխարհի չորս կողմերում գոյություն ունեն բազմաթիվ և բազմաբնույթ հայկական հասարակական կազմակերպություններ: Հենց նրանց շնորիվ այսօր մենք կարող ենք խոսել հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակության մասին:
Դա քաղաքացիական հասարակություն է, որտեղ առկա են և՛ քաղաքական, և՛ բարեգործական, և՛ մշակութային, և՛ մասնագիտական, և՛ բոլոր հնարավոր տեսակների կազմակերպություններ: Եվ նրանց բոլորի հաջողություններով կարելի է միայն հպարտանալ:
Այս քաղաքացիական հասարակության շրջանակներում ոչ մեկին տրված չէ ճշմարտության, իմացության կամ արդարության մենաշնորհը: Բայց կարևոր է, որ բոլորը ձգտեն միավորվել այդ սկզբունքների շուրջ, և ոչ սեփական տեսակետի պարտադրանքի շուրջ: Քաղաքացիական հասարակության ամբողջ ուժն իր բազմազանության մեջ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բազմազանությունը խրախուսենք և պահպանենք:
Հայոց պետությունն էլ այս հարցում հանդես չի գալիս պարտադրողի դերում: Համոզված եմ, որ ո՛չ պետությունն է կարող փոխարինել քաղաքացիական հասարակությանը, և ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը՝ պետությանը: Պետությունը և քաղաքացիական հասարակությունը ուժեղ են փոխադարձաբար իրար լրացնելով, իրար ամրապնդելով, իրար զորակցելով:
Սիրելի՛ բարեկամներ,
Աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս: Բայց հայերի պարագայում այդ իրավիճակը ազատ ընտրության և ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել: Հայերն այլ երկրներում են հայտնվել ցեղասպանության և հայրենազրկման արդյունքում:
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պիտի ստանա իր արժանի գնահատականը: Դա համազգային խնդիր է, որին, վստահ եմ, դուք կանդրադառնաք ձեր աշխատանքի ընթացքում: Հայոց պետությունը և հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակությունը ասելիք ունեն այս խնդրի շուրջ:
Եվ դա մեր օրակարգի միակ հարցը չէ: Մենք պաշտպանեցինք Արցախը մեզ պարտադրված պատերազմում: Այժմ ժամանակն է հաստատել արդարությունը դիվանագիտության դաշտում: Այստեղ ևս մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված:
Այսօր Սիրիայի մեր եղբայրները և քույրերը հայտնվել են ծայրահեղ դժվար կացության մեջ: Մենք զորակից ենք մեր հայրենակիցերին և հնարավոր բոլոր միջոցներով աջակցում և աջակցելու ենք նրանց:
Այս խնդիրներով մեր համազգային օրակարգը չի սահմանափակվում: Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու:
Վստահ եմ՝ անելո՛ւ ենք: Եվ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ասելիք և անելիք ունի:
Համագումարի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և, իհարկե, հիշարժան օրեր Երևանում:
Շնորհակալություն: