Օսկանյանը մտահոգ է, որ օտարերկրյա ներդրումները կտրուկ անկում են ունեցել

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել, որտեղ անդրադառնում է Հայաստանում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող գործոններին:

«Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: 2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս բնականաբար դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առևտրի հաշվեկշիռ, պետական պարտք և այլն: Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաև ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ և սեփականության անձեռնմխելիություն:

Բայց կան նաև զուտ տնտեսագիտությունից դուրս գործոններ, որոնք էապես ազդում են ներդրողների որոշումների վրա: Վերջերս Սիրիայից ժամանած հաջողակ, լուրջ նյութական միջոցներ և արտադրության ոլորտում գիտելիք ունեցող մարդկանց հետ էի զրուցում: Չնայած նրանց հնարավորություններին և Հայաստանում ներդրում անելու ցանկությանը, նրանք շատ լուրջ մտահոգություններ և վերապահումներ ունեն, որոնք մեծ հաշվով կարելի է ամփոփել հետևյալ չորս կետերով:

1. Հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ. երկրի ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը ոչ միայն անհրաժեշտ են ներդրումների, այլև՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար: Այս հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից, նրանց խոսքով և գործով: Պետք է գա նաև քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը և երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը: Դա այսօր իսպառ բացակայում է:

2. Անորոշություններ. որոշակիությունը և տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարևոր գործոնն են: Այդ առումով և՛ օրենսդրական դաշտը, և՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային և մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, և խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաև դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը:

3. Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաև խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

4. Խաղաղություն և կայունություն. այս հարցը բնականաբար բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբևէ սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանը անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի:

Ահավասիկ, ես կարծում եմ, որ այս գործոններին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան տնտեսական ցուցանիշներին, որովհետև սովորական քաղաքացու առօրյա խոսակցության թեմաները սրանք են, քան ժողովրդի մեծամասնությանը անհասանելի և հաճախ անընկալելի մակրոտնտեսական ցուցանիշներն ու վերլուծությունները»:

Տեսանյութեր

Լրահոս