«Նախարարն անպայման անկուսակցական պետք է լինի, որպեսզի քաղաքական ճնշման չենթարկվի»
«Արամ Հարությունյանն արդեն նշել է, որ ինքը պատրաստ չէ հրաժարական տալ: Չեմ կարծում, որ մեկ շաբաթվա ընթացքում նա փոխել է իր կարծիքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը` հավելելով, թե բնապահպանության նախարարի հրաժարականը պահանջող նամակին նախարարությունից դեռևս չեն արձագանքել: «Նամակն ուղարկվել է երեկ, և կարծում եմ՝ պատասխանը կլինի երկուշաբթի օրը»,- ասաց Ի. Զարաֆյանը` միաժամանակ նշելով, թե Ա. Հարությունյանի հրաժարականն իրեն այնքան էլ չի հուզում:
«Մեզ ավելի շատ հետաքրքրում է`ո՞վ պետք է լինի նոր նախարարը, որովհետև չենք տեսնում նախարարի այլ թեկնածու: Այնտեղ պետք է այնպիսի մարդ լինի, որ այդ նախարարությունը նորմալ աշխատի: Այդ նախարարն իր միսիայով պետք է ընդդիմադիր լինի: Մենք գիտենք, որ քաղաքական ճնշումը միշտ կա, այդ պատճառով կարծում ենք, որ նախարարն անպայման անկուսակցական պետք է լինի, որպեսզի քաղաքական ճնշման չենթարկվի»:
Բնապահպանության նախարարը, ըստ Ինգա Զարաֆյանի, պետք է մասնագիտացված լինի հենց այդ ոլորտում, ոչ թե այլ ոլորտի մասնագետ լինի: Բացի այդ, ըստ նրա` հասարակությունը ևս պետք է մասնակցի նոր նախարարի ընտրությանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ-ի նախագահի խոսքով` բնապահպանությունը շատ նուրբ ոլորտ է, և յուրաքանչյուր որոշում անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: