
Ստալինը, Տրոցկին, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ամիսներ առաջ ԲՀԿ-ի հետ «նույն երգն էին երգում, և հիմա էլ ոչինչ չի փոխվել»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ին տված հարցազրույցում այս առնչությամբ ասել էր. «Ժամանակին Ստալինն ու Տրոցկին նույն երգն էին երգում, մինչդեռ 20 տարի անց Տրոցկին սպանվեց Ստալինի կողմից»:
168.am-ը Գալուստ Սահակյանին փոխանցեց Ա. Բադալյանի այս հիշեցումը, ինչին ի պատասխան, պատգամավորն ասաց. «Հայտնի արտահայտություն է` ասել եմ»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է նորից ԲՀԿ-ի հետ «նույն երգը երգեն», Գ. Սահակյանը պատասխանեց. «Կարող է իրար հետ լինեն, կարող է իրար հետ չլինեն: Սա ինքնանպատակ չէ, միասին լինել կամ չլինելը քաղաքական պայմանավորվածությունների հետևանք է: Քաղաքականության մեջ բարեկամներ, թշնամիներ չեն լինում: Ցանկացած համաձայնություն պարզապես հասարակական պահանջի հետևանք է լինում»:
Լուսանկարը` News.am-ի