
Բերեզովսկին կվճարի 56 մլն դոլար

Բորիս Բերեզովսկին Ռոման Աբրամովիչին կվճարի 35 մլն ֆունտ (56 մլն դոլար) Լոնդոնի դատարանում պարտվելուց հետո: Այդ մասին հաղորդում է «The Financial Times»-ը: Նախկինում հաղորդվում էր, որ պարտվող կողմը պետք է հատուցի նաև մյուս կողմի դատական ծախսերը:
Նշվում է նաև, որ իրականում Աբրամովիչի ծախսերը, որոշ գնահատականներով, կազմում են մոտ 40 մլն ֆունտ, բայց նա համաձայնել է ավելի փոքր չափի, քանի որ Բերեզովսկին հրաժարվել է բողոքարկումից:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին բրիտանական դատարան հայց էր ներկայացրել Աբրամովիչի դեմ 2007 թ.: Նա փորձում էր ապացուցել, որ պատասխանողը խաբեությամբ ստիպել է իրեն վաճառել «Սիբնավթի» և «Ռուսալ» -ի բաժնետոմսերը ցածր գներով, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 5,5 մլն դոլարի վնաս: Սակայն Աբրամովիչը հաստատել է, որ Բերեզովսկին երբեք իր գործընկերը չի եղել և չի տիրապետել նշված ընկերությունների բաժնետոմսերին:
Օգոստոսի 31-ին դատավոր Էլիզաբեթ Գլոստերը որոշում կայացրեց, որի համաձայն Բերեզովսկին ամբողջությամբ տանուլ տվեց «խաղը»: Քանի որ գործընկերության փաստաթղթային հիմքեր չկային, դատարանը ստիպված էր հենվել հայցվորի և պատասխանողի ցուցմունքների անկեղծության վրա: Դատարանը որոշեց, որ Բերեզովսկին ստել է:
Ի դեպ, Բերեզովսկին շնորհավորել է Աբրամովիչին և նրա թիմին, նշելով, որ բողոքարկման իրավական հիմքեր չունի:
Նշենք նաև, որ սեպտեմբերին էլ Բերեզովսկին հաշտության համաձայնագիր կնքեց նաև Բադրի Պատարկացիշվիլու դեմ ներկայացված հայցի քննության ընթացքում, որի ժամանակ էլ ցանկանում էր տեր դառնալ նախկին գործընկերոջ ժառանգության կեսին: Իսկ արդեն հոկտեմբերի սկզբին մամուլը գրեց, որ Բերեզովսկին հրաժարվել է գործարար Վասիլի Անիսիմովի և «Salford Capital Partners» ընկերության և նրա ղեկավար Յուջին Իոֆֆիի դեմ ներկայացված հայցից:
«Փաստինֆո»