«Թրաֆիքինգով զբաղվողները միջինը 5 տարի ազատազրկման են դատապարտվում»

Թրաֆիքինգի ուղղությունները Հայաստանից հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ ու Թուրքիա են: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:

«Արաբական Միացյալ Էմիրություններ աղջիկները հիմնականում տարվում են Մոսկվայից: Մոսկվայից են նրանք հատում Արաբական Էմիրությունների  սահմանը: Եվ հետո Արաբական Միացյալ Էմիրություններում մի նրբություն կա. իրենք օրենք ունեն, որ մինչև 30 տարեկան կինը կարող է մուտք գործել իրենց մոտ, եթե ամուսնացած է: Շատ դեպքերում այդ կանայք ֆիկտիվ ամուսնանում են, սահմանը հատում իրենց «ամուսինների» հետ»,- ասաց իրավաբանը: Վերջինս հանդիպել է հրապարակումների, ըստ որոնց` Արաբական Միացյալ Էմիրություններում ազգությամբ մի արաբ է ղեկավարում հայ աղջիկների մուտքը:

Իրավաբանի հաղորդմամբ`երկրորդ ուղին Թուրքիան է:  «Սա ավելի սարսափելի, ամոթալի և աղետալի է  մեզ համար:  Թուրքիա սահմանը հատվում է այսպես՝ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Թուրքիա ցամաքային սահմանով»,- հավելեց իրավաբանը: Ըստ նրա`թրաֆիքինգի ուղիներից մեկն էլ Իրանն է:

Մարիաննա Եղիազարյանի հաղորդմամբ` Հայաստանում թրաֆիքինգով զբաղվողները միջինը 5 տարի ազատազրկման են դատապարտվում. «Թրաֆիքինգի աղմկահարույց դեպքերից մեկով երկու կանանցից մեկին դատապարտել էին 2, մյուսին՝ 5 տարի ազատազրկման, այն դեպքում, երբ խոսքը շարունակական դեպքերի մասին էր: Մեկ կամ երկու աղջկա մասին չէր խոսքը:  Իմ կարծիքով՝ վճիռը շատ մեղմ էր»:

 

Տեսանյութեր

Լրահոս