«Ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն են սխալ բռնել»

Հայաստանում հավերժ քաղաքական ձմեռ է: Քաղաքական առումով այսօր Հայաստանում բավական տարօրինակ իրավիճակ է. հիմնական ընդդիմադիր ուժերը գնացին տրոհման ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Այս տրոհումը շարունակական է: Օրերս տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցության փաստացի տրոհումը ևս: Րաֆֆի Հովհաննիյանի ու Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունները ցույց տվեցին, որ այնտեղ լուրջ անհամաձայնություններ կան: Զավեշտն այն է, որ այսօր իրականում խորհրդարանում առավել ազդեցիկ ուժը, որը իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, նախկինում այդ մասը կազմող ԲՀԿ-ն է: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն, ստորագրելով գալիք նախագահական ընտրություններում պարոն Սերժ Սարգսյանին ստորագրելու հուշագիրը, դեռևս հակառակի մասին չի հայտարարել»,- ասաց Արման Մելիքյանը:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն քաղաքական որակների տեսանկյունից իշխող կոալիցիայից իրապես չի տարբերակվում: Մելիքյանը նշեց, որ իշխանական թևի բաժանումը երկու մասի, դեռ չի նշանակում, որ դրանից հեռացած քաղաքական ուժը ձեռք է բերել քաղաքական նոր որակներ.

«Կարող ենք ասել, որ գործող իշխանության ներկայացուցիչը լավագույն դիրքերում է նախընտրական շրջանում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ներքաղաքական նոր որակ է անհրաժեշտ, որը գործող իշխանութունն ապահովելու ունակ չէ: Այն, ինչ կատարվում է այսօր, նկատի ունեմ՝ իշխանական վերնախավի ցուցադրական փորձերն ուղղված քաղաքացիներին, թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների, կադրային ջարդ իրականացնել, ըստ էության, ապարդյուն են լինելու, որովհետև ոչ թե ձուկն են գլխից բռնել, այլ գործն են սխալ բռնել»,- ընդգծեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուին, Արման Մելիքյանը կարծիք հայտնեց, որ վերոնշյալ որակների պարագայում չի գտնում, որ անգամ արդար ընտրությունների դեպքում միասնական թեկնածուն կարողանա հաղթել գործող իշխանությանը:

«Ընդդիմության մեջ չափից դուրս շատ են փոխադարձ մեղադանքները: Չեմ կարծում, որ կարող են ընդհանուր թեկնածու իրենցից մեկին տեսնել: Միակ շանսը` որպես հավանական թեկնածու կարող է լինել բացարձակապես չեզոք անձ, քաղաքական լուրջ ճանապարհ անցած մարդը, ով կընտրվի կոնսենսուսային տարբերակով: Ինձ համար ակնհայտ է, որ ոչ՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ՛ Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ՛ ՀՅԴ-ն, միանձնյա չեն կարողանա որևէ բան անել, ու չունեն այն թեկնածուին, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- եզրափակեց Ա. Մելիքյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս