Թող լինի «բոլորին դեմ եմ» տարբերակը
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեռ վերջնական որոշում չունի` կառաջադրվի՞ 2013թ. նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Մելիքյանը նշեց, որ ինքը դեռևս վերլուծում է իրավիճակն ու վերջնական որոշում կկայացնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
«Ես պատրաստ եմ առաջադրման, պատրաստ եմ կրել դրա հետ կապված պատասխանատվությունը: Առաջադրման հետ կապված երկու մոտեցում, դրդապատճառ ունեմ: Նախ, եթե իսկապես քաղաքական ուժերը, այնուամենայնիվ, որոշեն գտնել կոնսենսուսային ոչ կուսակցական թեկնածուին, և երկրորդ տարբերակն այն է, որ դա կլինի առաջադրում, որը կոչված կլինի սատարել այն ընտրազանգվածին, ովքեր չեն հանդուժում ստեղծված իրավիճակը քաղաքական դաշտում և պետությունում. թող սա լինի «բոլորին դեմ եմ» տարբերակը»,- պարզաբանեց Արման Մելիքյանը:
Վերջինս հավելեց, որ անգամ ընտրությունների կեղծման պարագայում յուրաքանչյուրը պետք է իմանա, որ իր ձայնը չի տվել իրեն խաբող կուսակցությանը կամ իրեն կեղեքող իշխանությանը: