Սպանություն՝ որդու սպանության դիմաց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, պատասխան սպանության գործով այսօր սկսվել է դատական վիճաբանությունների փուլը:

Մեղադրող Արմեն Աֆանդյանն իր մեղադրական ճառում միջնորդել է առանձին դաժանությամբ սպանություն կատարելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ մեղադրվող Արտակ Մելքոնյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Մելքոնյանը 2010թ. նոյեմբերի 14-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան 49/1 տան դիմաց սպանել է 12-ամյա Սարգիս Վարդիկյանին, ով առնչվել է որդու՝ Սոս Մելքոնյանի 2009թ. նոյեմբերի 29-ի սպանությանը, սակայն օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել էր:

Ըստ մեղադրողի, արարքը ճիշտ է որակվել, ամբաստանյալի մեղքը հիմնավորվել է նախաքննությամբ և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով: Մեղադրողը ոչ հիմնավորված է համարում ամբաստանյալի հայտարարությունն, ըստ որի սպանությունը կատարվել է պատահական հանդիպման ժամանակ հանկարծակի առաջացած հուզմունքի պահին: Ըստ մեղադրողի, փորձաքննությամբ չի հաստատվել ամբաստանյալի՝ սպանության պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելը: Սպանությունը կատարվել է որդու սպանության համար վրեժի հողի վրա, տուժողին հասցվել է 21 ծակած-կտրած վնասվածք, որից 10-ը՝ թափանցող:

Տուժող կողմը գտնում է, որ առաջարկվող պատժաչափը Ա.Մելքոնյանի դեպքում մեղմ է և միջնորդեց Ա.Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը միջնորդել է 10-12 աշխատանքային օր տրամադրել պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Դատական վիճաբանությունների փուլը կշարունակվի հոկտեմբերի 30-ին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս