ԱՄՆ-ը նավթ կարտահանի
Մի քանի տասնամյակ դադարից հետո ԱՄՆ-ը կվերականգնի նավթի արտահանումը: Այդ մասին այսօր գրել է «The Financial Times» պարբերականը:
Համաձայն պարբերականի, այնպիսի էներգետիկ ընկերություններ, ինչպիսիք են BP-ն, Royal Dutch Shell-ը, ինչպես նաև Vitol-ը, հայտ են ներկայացրել ԱՄՆ կառավարությանը՝ արդյունահանված նավթի արտահանման լիցենզիա ստանալու նպատակով: «Խոսքը գնում է նավթի խոշոր ծավալների մասին», – նշում է պարբերականը:
«Այժմ նավթի արդյունահանման ծավալները հասել են առավելագույնի՝ 1995թ. ի վեր: Ծավալների ավելացմանը ԱՄՆ-ը հասել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, որոնք թույլ են տալիս արդյունահանել այն հանքերից, որտեղ առաջ համարվում էին ոչ եկամտաբեր»:
Ըստ պարբերականի, Միացյալ Նահանգներից նավթի արտահանման հոսքը կհանգեցնի նրա գնի նվազմանն աշխարհի այլ տարածաշրջաններում: Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ից նավթի արտահանումը կփոխի իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկայում: