«Սամվել, ըտենց բան եղելա՞, հա՞». Աշոտ Գիզիրյան
«Լսի, լսի ես ախրանա ունե՞մ, ախրանա չունեմ, ի՞նչ ախրանա»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու ՌԴ հյուրերի հետ մասնակցում էր «Ռուսական գրքերի տուն» կոչվող միջոցառմանը: Պատասխանելովgalatv.am-ի այն հարցին, թե Բալասանյանը տեղյա՞կ է արդյոք, որ անվտանգության աշխատակիցները մարդ են ծեծել, Բալասանյանը հերքել է` ասելով, որ հերյուրանք են տարածում իր անունը գցելու և վարկաբեկելու համար. «Ինքը հիմա եթե Հրուշակեղենում չի աշխատում, ո՞ւր է աշխատում ապա, ո՞վ է, անիմաստ գցում են ուղղակի հեղինակությունը, տարբեր տեսակի հերյուրանքներ, լուտանքներ թափելով, մի՛ հավատացեք»,- փոխանցել է Ս. Բալասանյանը: Նա այդ տեղեկությունները որակել է որպես աբսուրդի հասնող սուտ` ասելով, թե Արթուր անունով տղայի, ում մասին խոսում են, որն աշխատել է Հրուշակեղենի գործարանում, չի ճանաչում:
Ըստ ԳԱԼԱ-ի` առավել զարմացնող էր գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի պատասխանը, ով երեկ Բալասանյանին` Գյումրու քաղաքապետի պաշտոնում ներկայացնելու ժամանակ շեշտել էր, որ այլևս Գյումրին հաշտ ու խաղաղ է ապրելու:
galatv.am -ի հարցին, թե մի՞թե կրակոցներ էլ չեն հնչելու Գյումրիում, պատասխանել էր. «Կրակոցներ, կրակոցներ, կրակոցներ, ինձանից շատ կրակոցներ ոչ ոք չի լսել Շահումյանում և Ղարաբաղում»:
Այսօր Աշոտ Գիզիրյանն ասել է, որ անգամ խոսակցություններին տեղյակ չէ: «Խի աշխատակիցները կռիվ են արե՞լ, առաջին անգամ ձեզանից եմ լսում, չեմ հասցրել մամուլին ծանոթանալ, հենց ծանոթանամ, ձեզ կպատասխանեմ»,- ասել է Աշոտ Գիզիրյանն ու հորդորել Ս. Բալասանյանին` մանրամասներ ճշտել: «Սամվել, ըտենց բան եղելա՞, հա՞»,- ասել է Ա. Գիզիրյանը` դիմելով իրենից քիչ այն կողմ կանգնած Բալասանյանին:
Վերջինս էլ դարձյալ հերքել է. «Գիտե՞ք ինչ, քիչ առաջ էլ մի հատ «Մերսեդես» կով էր գցել տակը, զանգում, ասում են` Սամվելի տղեքը եկել, ֆռֆռացել, գնացել են: Հըմի ի՞նչ էղնի` պտի ասեն Սամվելը…»: Ս. Բալասանյանի կողքից փոխմարզպետ Ս.Պետրոսյանն էլ արձագանքել է` երևի դա շենքից է, որ ամեն ինչ կապում են ձեր անվան հետ:
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով`«Ոստիկանությունը սկսել է զբաղվել այդ խնդրով: ՇՄ ոստիկանապետ Կ. Բաբակեխյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել»: Շիրակի մարզային ոստիկանապետ Կ. Բաբակեխյանը ԳԱԼԱ-ի հեռախոսազանգին ի պատասխան ասել է. «Ես աշխատում եմ, խնդրում եմ, հիմա մի խանգարեք»:
ԳԱԼԱ-ի տեղեկություններով ` ՇՄ քննչական բաժինն այսօր հարցաքննության նպատակով հանդիպել է ծեծված Արթուրի ևՌուբենի հարազատների հետ: Կայքին` հաջողվել է պարզել նաև, որ Ռուբենը բնակվում է Գյումրու «Տեքստիլագործների» թաղամասում: Նրա հարևանների վկայությամբ` ոստիկանությունը հիմա փորձում է գտնել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվողներին, ովքեր ևս թաքնվում են ոստիկանությունից:
Իսկ galatv.am-ի հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք հարցաքննել ծեծվող տղաների հարազատներին, ՇՄ քննչական բաժնի պետի տեղակալ Մուրադյանը հեռախոսով պատասխանել է. «Դա նախաքննական գաղտիք է, պետը թող գա, պետը տեղում չէ, նրանից հարցրեք»:
«Հետաքրքիր է, եթե ոստիկանությունը դեպքից անտեղյակ է, ուրեմն ի՞նչ նախաքննության ու գաղտնիության մասին է հավաստում Մուրադյանը»,- գրում է կայքը: