ԱԱԾ-ն նորից փաստաթղթեր է ուզում «Սիվիլիթասից»
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունից պահանջում են հիմնադրամին և Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին վերաբերող փաստաթղթերը:
«Սիվիլիթասի» տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:
Հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն «Սիվիլիթաս» հիմնադրամից առգրավել էր փաստաթղթեր, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստի արձանագրությունները»: