Էռնեկյանին հորդորում են հրաժարվել ԱԳՆ շենքը գնելու և այն հյուրանոցի վերածելու ծրագրից
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի հետևյալ դիմումը
«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:
Պատմական փորձի և արդի հայկական իրականության ուսումնասիրության հիման վրա Ասոցիացիան համոզմունք է հայտնում, որ Հայաստանում ու Սփյուռքում ապրող և ի պատասխան ցեղասպանության ու դրա կրկնման սպառնալիքի իր անկախ պետությունը կերտող հայ ազգի համար պետականության խորհրդանիշները ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային առումներով նույնացվում են հայոց պետականության հետ: Նման պարագայում լրացուցիչ գործոն է դառնում «ոչ միայն հացիվ» կենսական սկզբունքը, որով նա բազմադարյան պատմության ընթացքում հաշվեկշռել է իր հեռատես պրագմատիզմը: ՈՒստի Հայաստանի պետական մարմինները և պաշտոնատար անձինք, ինչպես նաև ազգի հեղինակավոր ներկայացուցիչները կոչված են իրենց գործունեությունն իրականացնելու տվյալ գերակայությունների հաշվառմամբ:
Ազգային պետության քաղաքական կենտրոնը խորհրդանշող Հանրապետության հրապարակի կարգավիճակը Հայաստանի քաղաքացիների, Սփյուռքի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տեսակետից առաջին հերթին զուգորդվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ:
Վերը նշվածի հաշվառմամբ` Ասոցիացիան դիմում է.
– «Տանգո» ընկերության սեփականատեր, հայրենասեր և բարերար, հարգարժան պարոն Է. Էռնեկյանին` հորդորելով վերագնահատել իրավիճակն ու հրաժարվել Արտաքին գործերի նախարարության շենքը գնելու և այն հյուրանոցի վերածելու ծրագրից,
– Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ի դեմս վարչապետ, հարգարժան պարոն Տ. Սարգսյանի՝ չեղյալ համարել Արտաքին գործերի նախարարության շենքը վաճառելու մասին որոշումը: