Ստամբուլի տեխնոպարկի գործունեությունից Թուրքիայի պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 մլրդ դոլարով

Ստամբուլի տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա  տարեկան մոտ 10 մլրդ դոլարով: Այս մասին հայտնում է Defense News-ը՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր է առաջիկա 8-10 տարիների ընթացքում ավարտին հասցնել

Ստամբուլի արևելյան հատվածում գտնվող ամենամեծ ռազմական հետազոտությունների կենտրոնի շինարարությունը: Կենտրոնը, ըստ պարբերականի, կլինի ինչպես ռազմական «Սիլիկոնային հովիտ» Թուրքիայում: Նոր տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:

Տեղեկացնենք, որ տեխնոպարկի բաժնետոմսերի 45%-ը կպատկանի Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության վարչությանը, իսկ բաժնետոմսերի 40%-ը` Ստամբուլի Առևտրաարդյունաբերական պալատին:

Նշենք, որ շինարարական աշխատանքները սկսվեցին անցյալ տարվա վերջին:

«Այս վայրը Ստամբուլում կհամախմբի բազմաթիվ ընկերությունների և համալսարանների, որոնք ուղղված են կոնկրետ ռազմավարական ոլորտներին, ինչպիսիք են՝ ավիացիան, նավատորմը, էլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները, էներգետիկան և մեքենաշինությունը, բիոտեխնոլոգիաները, ավտոմատացման համակարգերը և ռոբոտային տեխնոլոգիաները»,- ասել է տեխնոպարկի ղեկավար Թուրգութ Սենոլը՝ նշելով, որ աշխարհի որոշ տեխնոլոգիական հսկաներ արդեն իսկ բանակցություններ են վարում՝ տեխնոպարկում իրենց գրասենյակներն ունենալու համար:

Կենտրոնի առաջին վեց բլոկների բացումը, որի փակ տարածքը կազմում է 61 հազ. քմ., դեկտեմբերին կամ հունվարին կիրականացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ  Էրդողանը: Այս մասին հաղորդել է տեխնոպարկի ղեկավարը՝ նշելով, որ դրանով պաշտոնապես կգործարկի տեխնոպարկի բացումը, որը ժամանակի ընթացքում կընդլայնվի և, ի վերջո, կկազմի 950 հազ. քմ.:

Տեղեկացնենք, որ ներկայումս Հայաստանում՝ Գյումրիում, ընթանում է տեխնոպարկի շինարարությունը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ իրենք բազմիցս շեշտադրել են նմանատիպ ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտությունը Հայաստանում և կարծում են, որ դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել օր առաջ, և ցանկալի է այն ստեղծել Երևանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում: Բացի այդ, ըստ Վարդանյանի՝ իրենց միությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ Վանաձորում ևս ստեղծել տեխնոպարկ:

 

Տեսանյութեր

Լրահոս