Արա Աբրահամյանի իրականացրած ծրագրերի վտանգավորության մասին

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրված ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատմեց իր ղեկավարած կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին: Ըստ Աբրահամյանի, դրանցից մեկն էլ Հայաստանի 1400 դպրոցներում անցկացվող ռուսական երգի փառատոներն են: Նա հրավիրեց բոլորին ներկա գտնվել վաղը Արմավիրի դպրոցներից մեկում իրականացվող նման մի միջոցառման:

Իհարկե, շատ լավ է, որ հայ դպրոցականները շփվում են ռուսական մշակույթի հետ, կատարում են ռուս ստեղծագործողների գործերը, բայց անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի դրա հետ Ռուսաստանի հայերի միությունը, ինչո՞ւ է դրանով այդպես հետևողականորեն զբաղվում ՌՀՄ-ն:

Ընդհանրապես արտերկրում հայերին միավորող կազմակերպությունների խնդիրն է՝ նպաստել հայապահպանմանը: Օրինակ, երբ նման հայրենակցական միությունները հայկական կիրակնօրյա դպրոցներ են կազմակերպում, հայկական երգի փառատոներ են կազմակերպում, հայերեն գրքեր և թերթեր են հրատարակում, դա միանգամայն հասկանալի է, քանի որ մտնում է հենց հայապահպանության մեջ:

Եթե Արա Աբրահամյանը կազմակերպեր հայկական երգի փառատոներ ռուսական այն բնակավայրերում, որտեղ հայեր են ապրում, և Ռուսաստանում ապրող հայ դպրոցականները կատարեին մայրենի լեզվով երգեր, ապա դա միանգամայն նորմալ կլիներ, քանի որ այդ փառատոները կնպաստեին, որ հայ դպրոցականները սովորեն և սիրեն հայկական երաժշտությունը, իրենց սովորած երգերի միջոցով կապվեն հայերենի հետ: Բայց երբ այդ հայրենակցական միությունը սկսում է օտար մշակույթը տարածել և պրոպագանդել հայրենիքում, ապա դա վերածվում է զավեշտի:

Չնայած Արա Աբրահամյանին կարելի է հասկանալ. Ռուսաստանի կառավարությունը Հայաստանում կազմակերպում է «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը, և Արա Աբրահամյանը՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, պետք է իր հնարավորության սահմաններում աջակցի իր ներկայացրած պետության քաղաքականության իրականացմանը, ապագա վերաբնակներին ծանոթացնելով ռուսական մշակույթին և երգարվեստին, որպեսզի նրանք ավելի հեշտ ինտեգրվեն ռուսական իրականությանը և խորթություն չզգան:

Եթե հայ դպրոցականի ընտանիքը գնա Ռուսաստան, ապա նա կարող է իր հասակակիցներին զարմացնել ռուսական երգերի իր իմացությամբ, և ոչ թե խեղճ ու կրակ տեսքով կանգնել և նայել, թե ինչպես են ռուս դպրոցականները երգում և ուրախանում: Սրա մեջ իր անձնական հետաքրքրությունն ունի նաև Արա Աբրահամյանը. որքան հաջող ընթացք ունենա այդ ծրագրի իրականացումը, այնքան շատ հայեր կհայտնվեն Ռուսաստանում, այնքան կմեծանա Ռուսաստանի հայերի միությունը, և Արա Աբրահամյանը կդառնա ավելի մեծաթիվ կազմակերպության ղեկավար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս