Հայերը թռչող լույս են ստեղծել, որի առաջին թռիչքը կլինի մեկ ամսից
Հայ մասնագետները թռչող լույս են ստեղծել: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում թռչող լույսի սարքավորումը կկատարի իր առաջին թռիչքը:
Թռիչք իրականացնող փոքրիկ ուղղաթիռը, որի չափերը մոտ 1 մետր են` արդեն պատրաստ է, և ներկայումս սարքավորման լուսային մասի վերջին աշխատանքներն են իրականացվում: Այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց Flyart նախագծի հեղինակ Արմեն Վարդանյանը: Նրա խոսքով` նոր սարքը ղեկավարվելու է հատուկ հեռակառավարման վահանակի օգնությամբ:
«Նման սարք` «Թռչող լույս», աշխարհում գոյություն չունի, սա նորարարություն է, որի գաղափարի հեղինակները հենց մենք ենք` հայ մասնագետներս: Սա իրական նորարարություն է ամբողջ աշխարհում»,- ասաց Արմեն Վարդանյանը: Իհարկե, ուղղաթիռային նման խցիկ կա, սակայն նմանատիպ` հենց թռչող լուսային սարք, գոյություն չունի: Ինչ վերաբերում է սարքի վաճառքին, ապա շուկան, ըստ հեղինակի` միանշանակ լինելու է արտասահմանում, քանի որ Հայաստանում դժվար է ձեռք բերել այնպիսի շուկա, որով հնարավոր լինի նախագծի հետագա զարգացումն իրականացնել:
«Սարքի արտադրությունը, սակայն, անպայման Հայաստանում է լինելու, եթե, իհարկե, խոչընդոտներ չառաջանան նույն մաքսային դաշտում, քանի որ մենք սարքի մասերը, օրինակ` շարժիչները, մարտկոցները, ալյումինի խողովակ, և այլն, պետք է նախ ներմուծենք, պատրաստենք սարքը, իսկ հետո նոր արտահանենք, քանի որ այստեղ հաճախ դժվար է լինում գտնել սարքավորման դետալները»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նմանատիպ սարքերն ընդհանրապես բավական թանկ արժեն, և ըստ նախագծի հեղինակների` «Թռչող լույսը» կարժենա մոտ 3-4 հազար եվրո: Այն կարող է կիրառվել արտակարգ իրավիճակների ոլորտում և այլ բնագավառներում, որտեղ լույսի անհրաժեշտություն կա և որտեղ այլ եղանակներով հնարավոր չէ լույս հասցնել: «Օրինակ, վերջերս սողանքի ժամանակ մարդկանց փոքր լապտերներով էին ման գալիս, իսկ այս գործիքն անփոխարինելի կարող է լինել նմանատիպ իրադրություններում»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նշենք, որ Ա. Վարդանյանը նաև հանդիսանում է «Ավիամոդելային սպորտի ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավարը: Նա նշում է, որ սարքը ստեղծելիս կիրառել են ավիամոդելային սպորտի բնագավառում իրենց տարիների փորձը:
Տեղեկացնենք, որ «Ավիամոդելային սպորտի ազգային կոմիտե» հ/կ-ն Հայաստանում գործում է 2006թ.-ից: Այս սպորտաձևի Հայաստանի հավաքականն աշխարհի և եվրոպայի առաջնությունների ժամանակ մի շարք հաջողություններ է գրանցել:
«Հաջողությունները բավական շատ են: Այս տարի աշխարհի գավաթի 5-րդ տեղ ենք ունեցել արդյունք` օդային մարտ ձևով, և 7-րդ արդյունքը` աշխարհի առաջնության ժամանակ, նման արդյունք ունեցել ենք նաև աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնելով` 96 մասնակցի մեջ Ֆրանսիայում 2008 թվականին, Կիևում աշխարհի գավաթում հինգերորդ տեղ ենք գրավել, իսկ Եվրոպայում 9-րդ տեղ` Սերբիայում 2009 թվականին»,- ասաց Ա. Վարդանյանը` ավելացնելով, որ արդյունքները բավական լավ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք այդ ամենն իրենց ուժերով են իրականացնում` չունենալով ոչ հովանավորներ և ոչ էլ պետության կողմից որևէ աջակցություն:
«Այս ամենը զուտ մեր էնտուզիազմի վրա է կառուցած, արդեն վեց տարի է` մենք այդպես աշխատում ենք, անգամ մեր գրպանից ենք վճարում Միջազգային ֆեդերացիայի տարեկան անդամավճարը,` որպեսզի Հայաստանին թույլ տան մասնակցել այդ մրցումներին»,- ասաց Ա. Վարդանյանը: