Gallup. Հայաստանը` արդար ընտրությունների վերաբերյալ ամենաթերահավատ երկրների եռյակում

Ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ. այս մասին է վկայում 2011 թվականին 125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումը:

Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1000 հոգու շրջանում։ Միջինացված արդյունքներով` իրենց երկրներում արդար ընտրություններին հավատում են կանանց 46, իսկ տղամարդկանց` 48 տոկոսը: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հավատն արդար ընտրությունների նկատմամբ ավելի մեծ է զարգացած երկրներում, սակայն, միեւնույն ժամանակ, այսպիսի երկրներում ավելի հստակ է զգացվում տղամարդկանց և կանանց դիրքորոշումների տարբերությունը:

Կանանց և տղամարդկանց պատասխանների ամենամեծ տարբերությունը գրանցվել է Մալթայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայում։ Այս երկրներում ընտրությունների արդարությանը հավատացող կանանց թիվը 15-16 տոկոսով պակաս է տղամարդկանցից:

Բարձր եկամուտներ ունեցող երկրներում կանայք ավելի թերահավատ են: Այդպիսի երկրներում տղամարդկանց 61 տոկոսն է համոզված, որ ընտրություններն արդար են, իսկ կանանց շրջանում նման պատասխան տվել է միայն 53 տոկոսը:

Մինչդեռ ամենացածր եկամուտներն ունեցող երկրներում կանանց եւ տղամարդկանց տեսակետներում տարբերություն չկա` այս երկրներում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց 49 տոկոսն է հավատում ընտրությունների արդարությանը:

Հայաստանը ընտրությունների արդարությանը ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում` կանանց  ընդամենը 7 եւ տղամարդկանց 12 տոկոսը: Հայիթիից մի փոքր բարձր են Մոնղոլիայի արդյունքները, այնուհետեւ արդեն Հայաստանն է, որտեղ կանանց 13 տոկոսն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12 տոկոսը. Հայաստանում  կանայք, հակառակ ընդհանուր միտումի, ավելի լավատես են, քան տղամարդիկ:

Հայաստանի հարեւան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44 տոկոս է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում՝ կանանց 54, իսկ տղամարդկանց 58 տոկոսը:

Gallup-ը հարկ է համարում նշել, որ որոշ ավտորիտար երկրներում հարցման արձանագրած վստահության բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել վախի մթնոլորտով, եւ բացառված չէ, որ հարցվածները անկեղծ չեն պատասխանել։

Ժողովրդավարության աստիճանը կամ կանանց ընդգրկվածությունը կառավարություններում չի անդրադառնում արդար ընտրություններում կանանց վստահության վրա, փաստում է զեկույցը։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ կանայք համեմատաբար մեծ թիվ են կազմում իշխանությունում, նրանց վստահությունն ընտրությունների նկատմամբ ավելի բարձր չէ, քան տղամարդկանցը: Օրինակ, ժողովրդավարական Շվեդիայում, որտեղ կանանց ներգրավվածությունը կառավարությունում կազմում է 45 տոկոս, ընտրություններին վստահող կանայք 14 տոկոսով ավելի քիչ են, քան տղամարդիկ:

Տեսանյութեր

Լրահոս