Բաժիններ՝

Միգրանտների մուտքը Ռուսաստան կսահմանափակվի

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորները հոկտեմբերի 10-ին Պետական դումային են ներկայացրել «Միգրացիոն օրենսդրության կատարելագործման նպատակով և նրա խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու» փոփոխությունների փաթեթը: Դրա մասին գրել է Ստորին պալատի կայքը: Օրենսդրական նախագծի հեղինակները՝ Իրինա Յարովայան, ով հանդիսանում է Դումայի անվտանգության գծով կոմիտեի ղեկավարը, և Ալեքսանդր Խինշտեյնը՝ կոմիտեի տեղակալը, չեն թաքցնում, որ նախագիծը ստեղծված է՝ իրագործելու համար Պուտինի նախընտրական խոստումները: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հոկտեմբերի 11-ի համարում: Ինչպես նշել է Իրինա Յարովայան, փոփոխությունները «կկրեն պաշտպանական նշանակություն»: Նախագծի համաձայն, ՌԴ մուտքի սահմանափակումներ կկիրառվեն այն մարդկանց նկատմամբ, որոնք գործել են կանխամտածված հանցագործություն, ներկայումս կրում են իրենց պատիժը կամ վաղաժամկետ ազատ են արձակվել: Այս ցուցակը կհամալրեն նաև այն անձինք, ովքեր օգտագործել են կեղծ փաստաթղթեր՝ երկրի տարածքում գտնվելու համար:

Ըստ Յարովայայի, օրինագիծը կլուծի ապօրինի մեկ տարածքում 100-200 հոգու ապրելու հարցը: Նրա խոսքով՝  տարեկան բացահայտվում է մոտ 6000 նմանատիպ օրինախախտման դեպք, որը հակասում է և՛ օրենսդրությանը, և՛ սանիտարական նորմերին:  Իսկ Խինշտեյնի խոսքով, տարեկան արտաքսվում է 10000 միգրանտ, բայց ներկա պահին այդ գործընթացում կան որոշակի բարդություններ, որոնք և կվերացնեն օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները: Մասնավորապես, կհստակեցվի արտաքսվածների կարգավիճակը:

2012 հունվարի 23-ին Պուտինի հրապարակած նախընտրական հոդվածում այս մասին հատուկ կետ կար։ Այն ժամանակվա վարչապետը նշել էր, որ հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միգրացիոն օրենսդրությունը խախտողներին, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել և Ռուսաստանի տարածք 5-10 տարի թույլ չտալ մուտք գործել այն անձանց, ովքեր իրենց տարածքներում թաքցնում են միգրանտներին: Պուտինը նաև առաջարկում էր դաշնային օրգանների համակարգում ստեղծել հատուկ կառույց, որը կպատասխանի ազգային զարգացման, միջազգային բարեկեցության, էթնոսի փոխհարաբերությունների հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս