
Հայաստանում ցանկանում են ստեղծել կենսաբանության ժամանակակից հետազոտությունների ուսուցման լաբորատորիա

Հայաստանում ցանկանում են ստեղծել կենսաբանության ժամանակակից հետազոտական մեթոդների ուսուցման լաբորատորիա, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ամբողջովին անվճար սովորել կենսաբանության ոլորտում ժամանակակից հետազոտություններ կատարելու մեթոդները: Այս գաղափարը պատկանում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ին:
Կազմակերպության արտաքին կապերի կոմիտեի քարտուղար Հովակիմ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաճախ համալսարանն ավարտած կենսաբանը չգիտի ժամանակակից մեթոդաբանությունը, դա, ըստ նրա` նույնն է, եթե, օրինակ, Պոլիտեխնիկն ավարտած ծրագրավորողը չկարողանա համակարգչից օգտվել:
«Այսօր կենսաբանների ոլորտում տխուր իրավիճակ է տիրում, հաճախ նույն համալսարաններում այդ մեթոդները հասանելի չեն, և եթե ուսուցանվում է, ապա՝ միայն տեսականը, իսկ դրանով, բնականաբար, գիտելիքի կիրառումը դժվարանում է»,- ասաց Հ. Զաքարյանը՝ ավելացնելով, որ ժամանակակից մեթոդների ուսուցման լաբորատորիան հնարավորություն կտա լրացնել այդ բացը, և երիտասարդ մասնագետները կկարողանան տիրապետել աշխարհում կիրառվող նորագույն մեթոդներին հենց կենսաբանության ոլորտում:
Հ. Զաքարյանը նշում է, որ լաբորատորիա ստեղծելու ծրագիրը բավական խոշոր և թանկարժեք ծրագիր է, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 160.000 եվրո:
«Ցավոք, դեռ չունենք ֆինանսավորում: Դիմել ենք որոշ հիմնադրամների, առայժմ հիմնադրամներն ասում են, որ, եթե նույնիսկ այդպիսի գումար ծախսենք, ապա այդ գումարը մենք ավելի լավ է ծախսենք, օրինակ, 1000 հոգու օգնելու համար, քան թե 100 ուսանողի օգնելու համար: Դա բնորոշ է մեր մտածելակերպին: Ավելի լավ է մենք ձուկը տանք, որ ձկնորսը կուշտ լինի, քան թե կարթը տանք, որ ձկնորսն ինքը սովորի ձուկ որսալ»,- ասաց Հ. Զաքարյանը: Նրա խոսքով` իրենք առաջարկում ենք հակառակը. «Եկեք մենք կարթը տանք, և մարդիկ իրենք սովորեն ձուկ որսալ»: