Սահմանափակումներ են մտցնում մուտքի և ելքի կանոնների մասին օրենքում
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամներ Իրինա Յարովայան և Ալեքսանդր Խինշտեյնը ներկայացրել են մի օրինագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել ՌԴ մուտքի և ելքի կանոնների մասին օրենքում: Նրանց առաջարկած փոփոխությունները նախատեսում են մի շարք խստացումներ և սահմանափակումներ, որոնք կսահմանափակեն ներգաղթյալների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Մասնավորապես` առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ կարգելվի ՌԴ այն ներգաղթյալների մուտքը, ովքեր նախկինում ՌԴ տարածքում գործել են կանխամտածված հանցագործություններ, խուսափել են հարկերից կամ օգտագործել են կեղծված փաստաթղթեր:
Փոփոխությամբ սահմանվում է նաև, որ ներգաղթյալները չեն կարող գրանցվել այն բնակարաններում, որտեղ մեկ անձին ընկնող բնակմակերեսը պակաս է ՌԴ Բնակարանային օրենսգրքով նախատեսվածից: Օրինագծի հեղինակներն ասում են, որ սա արվում է այն դեպքերի համար, երբ մեկ բնակարանի վրա գրանցվում է միաժամանակ մի քանի հարյուր մարդ: Այս փոփոխությունը կարող է վերաբերել նաև ՀՀ քաղաքացիներին: Նրանց մեջ ևս կարող են լինել մարդիկ, որոնց կարող են վերաբերել հիշյալ սահմանափակումները: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը: