Ֆիշերը`Օսկանյանի գործի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԵԽ ԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի հայտարարությունը Վարդան Օսկանյանի «գործի» մասին, որը ներկայացնում ենք ստորև:
«Ստրասբուրգ, 11.10.2012- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի համար զեկուցող Աքսել Ֆիշերը (Գերմանիա EPP/CD), այսօր իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի կողմից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդեպ վիճահարույց քրեական մեղադրանքով խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու փաստի կապակցությամբ:
«Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»,- ընդգծել է պարոն Ֆիշերը:
«Եթե հիմնավորվեն այդ պնդումները, դա կնշանակի հետընթաց քայլ քաղաքական խնդիրների կարգավորման հարցում անցած մեկ ու կես տարիների ընթացքում արձանագրված դրական միտումից: Ուստի ես գրել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով հստակեցնել մեղադրանքը, ինչպես նաև այն հիմքերը, որի հիման վրա խորհրդարանը համաձայնել է զրկել պարոն Օսկանյանին անձեռնմխելիությունից»,- եզրափակել է զեկուցողը»: