
«Զգալի տարբերություններ կան Երևանի և մարզերի միջև»

Երևանի և մարզերի միջև զգալի տարբերություններ կան ակնաբուժական ոլորտում: Այս մասին Տեսողության համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ մարզերում աճ չկա. պարզապես Հայաստանի մայրաքաղաքում զարգացումը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան մարզերում:
«Մենք բավականին մեծ ճիգեր ենք գործադրում այնտեղի մասնագետների գիտելիքները բարձրացնելու համար, որը որոշ չափով կվերացնի այդ ճեղքվածությունը»,- նշեց Ալեքսանդր Մալայանը:
Խոսելով մանկական ակնաբուժական ծառայությունների գների մասին՝ Ալեքսանդր Մալայանը նշեց, որ Հայաստանում այսօր գործում է զեղչային ճկուն համակարգ. Մասնավորապես՝ 0-7 տարեկան երեխաներն, ըստ նրա, անվճար են բուժվում: Ալեքսանդր Մալայանը կարևորեց նախադպրոցական բժշկական ծրագրի առկայությունը, քանի որ աչքի նկատմամբ պահանջները տարբերվում են մինչ դպրոց գնալը և դրանից հետո: «Հաճախ ծնողներն ընկնում են նրա հետևից, որ երեխաները տարբեր լեզուներ սովորեն, նաև համակարգչին տիրապետեն՝ մոռանալով երեխայի առողջության մասին»:
Ալեքսանդր Մալայանի հաղորդմամբ՝ աչքի լազերային վիրահատության դեպքում աշխարհի ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը, զեղչային համակարգ չի նախատեսում. «Սա կոմետիկ վիրահատություն է: Այն չի բուժում հեռատեսությունը կամ կարճատեսությունը: Վերանում է միայն ակնոց կամ կոնտակտային լինզաներ կրելու անհրաժեշտությունը»:
Նշենք, որ Տեսողության համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսի երկրորդ հինգշաբթի օրը: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը: Այն մեկնարկում է այսօր և նշվելու է միջոցառումների շարքով: