Բաժիններ՝

Բնապահպանները պահանջ են ներկայացրել

«Ներկայումս Հայաստանում լայն թափով կառուցվում են, այսպես կոչված, փոքր ՀԷԿ-եր, որոնք հսկայածավալ եկամուտներ են ապահովում դրանց սեփականատերերին` բազմազան բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, ինչն իր հերթին պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր:
Չնայած այս «բիզնեսի» հետևանքով շրջակա միջավայրին պատճառվող անհամաչափ վնասներին և բնության ոչնչացման ակներև փաստերին` փոքր ՀԷԿ-երի կառուցման սույն ծրագիրն այսօր ներկայացվում է որպես մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող էկոլոգիապես մաքուր և անվտանգ գործունեության տեսակ: Հայաստանում նախատեսվում է կառուցել շուրջ 300 այսօրինակ ՀԷԿ-եր, ինչի հետևանքով մեր բնության ձկնային պաշարներն ուղղակի կվերանան:
Հարկ է նշել, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման համար Հայաստանում չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդաբանություն: Չկան ջրի էկոլոգիական թողքի գնահատման ողջամիտ չափանիշներ, գյուղատնետեսությանը պատճառվող տնտեսական վնասի գնահատման ընթացակարգեր: Թույլտվություն տրամադրելու համար բացակայում են սեյսմիկ անվտանգության, սողանքների դեմ միջոցառումներ իրականացնելուն պարտավորեցնող պահանջներ:
Այսպիսի պայմաններում ներկայումս Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գործում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը: Նույն` Պաղջուր գետի վրա նախատեսվում է կառուցել ևս մեկ` «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը, որն ըստ երևւյթի ևս պատկանում է նույն սուբյեկտին: Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի, ինչի հետևանքով Պաղջուր գետից ուղղակիորեն վերացել է գրեթե ամբողջ էնդեմիկ համակարգը` ձկնատեսակներ, կրիաներ, այլ կենդանիներ: Ջրի պակասի և վատ որակի հետեւանքով ընկել է գյուղատնտեսական արտադրանքի բերքատվությունը:
Նոր կառուցվող ՀԷԿ-ն էլ ավելի աղետալի հետեւանքներ է ունեցել համայնքի համար. շինարարական աշխատանքների հետևանքով ցամաքել են գյուղի խմելու ջրի կեսն ապահովող ջրային պաշաարները: Համայնքին պատճառվել է մեծ ծավալի տնտեսական վնաս: Ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ` այդ թվում «արջատխլենի» ծառատեսակը: «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը գտնվում է «Արջատխլենու» արգելավայրի տարածքում և նրա բուֆերային գոտում, ՀԷԿ-ի շինարարությունն անմիջականորեն ազդում է արգելավայրի էկոհամակարգի վրա, ինչը հաշվի չի առնվել բնապահպանության նախարարության փորձագետների կողմից ՀԷԿ-ի ՇՄԱԳ-ը հաստատելիս: Նշենք նաև, որ վերոհիշատակյալ ՀԷԿ-ի կառուցմումն իրականացվում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից, թեև Գետահովիտ համայնքի կողմից չի տրվել շինարարության թույլտվություն, համայնքում չեն իրականացվել հասարակական լսումներ: Իրականացված աշխատանքներն ամբողջությամբ անօրինական են, իսկ պատճառված տնտեսական և էկոլոգիական վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով:
Փոքր ՀԷԿ-երի գործունեությունը բացի մի խումբ պաշտոնյաների գրպանները լցնելուց առաջացնում է հսկայածավալ բացասական ներգործություն: Մասնավորապես, տուժում է գյուղատնտեսությունն ու առհասարակ երկրի տնտեսությունը, համայնքի վրա թողնում է բացասական սոցիալական ազդեցություն, առաջացնում է սողանքներ եւ այլ արտակարգ իրավիճակներ: Հաշվի առնելով նշվածը` մենք գտնում ենք, որ ՀԷԿ-ի կառուցման համար թույլտվություն կարող է տրվել միայն այն բանից հետո, երբ կմշակվի ՀԷԿ-ի գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանություն, ինչն այսօր բացակայում է: ՀԷԿ-ի ազդեցության գնահատումը գտնվում ոչ միայն բնապահպանության, այլև ռնվազն գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների տիրույթում, և վերջիններս լիարժեք կերպով կրում են ՀԷԿ-երի բացասական ազդեցության պատասխանատվությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում ենք.
1. միջոցներ ձեռնարկել, որպեսզի անմիջապես դադարեցվեն «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները և երեք օրվա ընթացքում տեխնիկան հանվի տարածքից, 2. բնապահպանության նախարարի և նույն նախարարության փորձագետների, ինչպես նաև «Մեգաէներջի» ՍՊ ընկերության միջոցներով ամբողջ ծավալով փոխհատուցել «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի գործունեության և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության հետևանքով Գետահովիտ համայնքին պատճառված տնտեսական և էկոլոգիական վնասը, այդ թվում`
ա/ ուսումնասիրել և հաշվարկել ջրային աղբյուրները ցամաքելու հետեւանքով պատճառված տնտեսական վնասը,
բ/ գյուղատնտեսությանը պատճառված վնասները,
գ/ բնությանը պատճառված վնասները (ծառահատումներ, հողաշերտի վնասում և այլն),
3. պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարարության այն փորձագետներին, ովքեր տվել են «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացությունը,
4. անհապաղ և անվերապահորեն կասեցնել կոռուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվեւթյունները, մինչև դրանց` շրջակա միջավայրի վրա ազդեցության համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն մշակելը:
Եռօրյա ժամկետում «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության դադարեցմանն առնչվող պահանջն ամբողջ ծավալով չիրականացնելու դեպքում, մենք ինքներս` անմիջական ժողովրդավարության, սահմանադականության և իրավունքի գերակայության և իրավունքների ինքնապաշտպանության սկզբունքների շրջանակներում ապահովելու ենք նշաված պահանջի լիարժեք իրականացումը:Մյուս պահանջներն իրականացնելու համար մենք ձեզ տալիս ենք ողջամիտ` մեկամսյա ժամկետ»:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն,
«Մաշտոցի պուրակ» քաղաքացիական նախաձեռնություն,
«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս