Բաժիններ՝

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն օգնեց ադրբեջանցի լրագրողին

Ադրբեջանում հայտնի լրագրող, «Զերկալո» թերթի մեկնաբան և «Էլեկտրոնային ժուռնալիստիկա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Իդրակ Աբբասովը, ով այս տարվա ապրիլին «SOCAR» պետական նավթային ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից Սուլուտալա ավանում ենթարկվել էր դաժան ծեծի, կարիք ունի աչքի վիրահատական լուրջ միջամտության:

Ծեծի ենթարկվելուց հետո բժիշկների խնամքին հանձնված, կողերը ջարդած, մի շարք ներքին օրգանների վնասվածք ստացած ընդդիմադիր լրագրողի տեսողությունը անընդհատ վատանում է, քանի որ ծանր վնասվածք է ստացել նաև նրա աչքի ոսպնյակը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դաժան հաշվեհարդարի ենթարկված լրագրողն այս շաբաթ հնարավորություն կունենա օգտվել ակնաբույժների ծառայությունից, քանի որ նրան օգնության ձեռք է մեկնել «լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ասենք, որ Աբբասովը նավթային ընկերության անբարեհաճ վերաբերմունքին էր արժանացել ադրբեջանական այդ ավանի բնակելի տները քանդելու գործընթացը նկարահանելու պատճառով: Ավելացնենք նաև, որ նրա վրա հարձակված անվտանգության և ոչ մի աշխատակից մինչև այսօր դեռ պատասխանատվության չի ենթարկվել:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս