ԸԸՀ է դիմել նաև ՀՀԿ թեկնածուն

Հոկտեմբերի 10-ին Երևանի թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով դեկտեմբերի 2-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում առաջադրման երկու հայտ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք, որ առավոտյան «Ժառանգություն» կուսակցության կողմից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Իսկ ավելի ուշ ԿՀՀ է դիմել նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առայժմ առաջադրումներ չկան: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

Այս երկու ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին: Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հոկտեմբերի 18-ը, գրանցումը նախատեսված է հոկտեմբերի 18-ից 28-ը:

Հիշեցնենք, որ թիվ 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով: Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս