ԱՄՆ դեսպանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Բարգավաճ Հայաստան« կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը  զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին` Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով և ամենայն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով` սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները և կապահովեն  օրենքի գերակայությունը այս  հարցի լուծման գործում:

Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ  հանձնարարել  խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ և սկզբունքային հայտարարություններով և ելույթներով»:

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետևողական է լինելու, որպեսզի  գործն անաչառ քննություն ունենա  և կայացվի օբյեկտիվ որոշում:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաև Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգևոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ»:

Գագիկ  Ծառուկյանի  մամուլի  խոսնակ  Իվետա  Տոնոյան

Տեսանյութեր

Լրահոս