Բաժիններ՝

Ուոլ Սթրիթը կրճատում է բոնուսները

2012թ. սկզբից Նյու Յորքի ֆինանսական սեկտորը կրճատել է ավելի քան 1200 աշխատատեղ, հավանական է, որ մինչև տարվա վերջ Ուոլ Սթրիթի աշխատակիցների քանակը կնվազի:

Ընդ որում, կնվազի նաև համընդհանուր բոնուսների ծավալների գումարը, կարծում է Նյու Յորքի աուդիտոր Թոմաս Դի Նապոլին: Իր զեկույցի համաձայն, նմանատիպ դինամիկան կապված է այն բանի հետ, որ բանկերը տնտեսության աճի դանդաղեցմանը զուգահեռ՝ ստիպված են «ձգել գոտիները»՝ կապված ֆինանսական կարգավորման խստացման և ֆոնդային շուկաներում ապրանքների ծավալների նվազեցման հետ:

Եկամուտների աճի համեստ տեմպեր են ունեցել այնպիսի բանկային հսկաներ, ինչպիսիք են Bank of America Corp., Goldman Sachs Group Inc. և Morgan Stanley։ Եվ դա՝ չնայած ծախսերի նվազեցման ծրագրի իրագործմանը, որի արդյունքում բանկերը ստիպված են եղել կրճատել  հազարավոր աշխատատեղեր ամբողջ աշխարհում:

Նյու Յորքը բացառություն չէ. անցած շաբաթ Credit Suisse Group շվեյցարական բանկը նահանգի պաշտոնական մարմիններին տեղեկացրել է, որ նախատեսում է 78 հոգու կրճատել՝ ընթացիկ տարում այդ նահանգում կրճատվածների թվաքանակը հասցնելով 451 հոգու:

Հարկ է նշել, որ  Ուոլ Սթրիթի տանիքի տակ հավաքվել են շատ բանկիրներ, որոնց աշխատավարձը, շատերի կարծիքով, չարդարացված բարձր է՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք առկա են այս ոլորտում:

Ֆինանսական ոլորտում առաջարկվող ծառայությունների գերագնահատված լինելը խոստովանում են նաև հենց իրենք՝ ֆինանսական ընկերությունների բաժնետերերը։

Շարունակական կրճատումները ֆինանսական հատվածում վկայում են այն մասին, որ Ուոլ Սթրիթը, որը համարվում է նահանգի հարկային մուտքերի աղբյուրը, այլևս ի վիճակի չէ  խթանել աշխատատեղերի ստեղծմանը և նպաստել Նյու Յորքի տնտեսական վերականգնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս