Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիրները Երևանում կլինեն նոյեմբերի 4-ին

Նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրներ պրոֆեսոր Թիմոթի Հանթը և պրոֆեսոր Մարտին Չալֆին կլինեն Երևանում: Այդ օրը Մատենադարանի նորակառույց մասնաշենքում նրանք հանդես կգան հանրային դասախոսություններով, իսկ արդեն երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա նրանց կլոր սեղան-քննարկումը երիտասարդ գիտնականների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

«Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շարքը Հայաստանում» ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը տեղեկացրեց, որ Թիմոթի Հանթի դասախոսությունը նվիրված է լինելու քաղցկեղի հիմնախնդրին, իսկ Մարտին Չալֆին ներկայացնելու է գիտահետազոտական աշխատանքներում կիրառվող ժամանակակից մեթոդները։ Դասախոսությունների ունկնդիրների ընտրությունը կատարելիս առաջնությունը տրվելու է մասնագիտությամբ կենսաբաններին, բժիշկներին, բնագետներին, սակայն գիտության այլ ոլորտները ներկայացնող մասնագետները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու հանրային դասախոսություններին: Միջոցառումների կազմակերպիչների տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ դասախոսություններին կարող է մասնակցել 180 մասնագետ, հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, և մասնակցության վերջնաժամկետից արդեն օրեր առաջ ստացվել է ավելի քան 180 հայտ։

 

Նշենք, որ նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կանցկացվի ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին տարեկան հատկացվում է 100 միլիոն դրամ։ Կ. Ավագյանի խոքով՝ Նոբելյան մրցանակակիրներ Հանթին և Չալֆիին Հայաստան հրավիրելը պատահական չէ։ «Հայաստանում նախատեսվում է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոն, և քաղցկեղի ոլորտում ուսումնասիրություններ կատարող անվանի գիտնականները կարող են էապես օգնել իրենց խորհուրդներով, դասախոսություններով ու փորձի հաղորդմամբ»,- ասաց Կ. Ավագյանը:

Կարդացեք նաև

 

Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները կազմակերպել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն։

Տեղեկացնենք, որ՝

 ԹիմոթիՀանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.՝ բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների (ցիկլիններ) բացահայտման համար: Հանթն աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:

ՄարտինՉալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր: Այնտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլյուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս