Հունգարիան ըննդեմ ԱՄՀ-ի

Հունգարիայի կառավարությունը լայնածավալ գովազդային արշավ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։ Ընդ որում, արշավը սկսվել է ԱՄՀ-ի կողմից Հունգարիային հատկացվելիք նոր վարկի շուրջ բանակցությունների ժամանակ։

Թերթերում տպվող գովազդային նյութերն ուղեկցվում են հետևյալ կարգախոսներով՝ «Մենք չենք զիջի ԱՄՀ-ին», «Մենք չենք զոհաբերի մեր անկախությունը», «Ի՞նչ ենք ուզում ԱՄՀ-ից՝ հարգանք և վստահություն»։ Բացի այդ, «Պաշտոնական լրահոս» խորագրի ներքո հայտնվում են խոշոր տառերով այսպիսի գրառումներ՝ «Անշարժ գույքի հա՞րկ։ ՈՉ» և «Ընտանիքներին տրամադրվող նպաստի կրճատո՞ւմ։ ՈՉ»։

Կառավարությունն իր այս քայլը բացատրում է նրանով, որ մամուլում հայտնվում է ոչ օբյեկտիվ տեղեկատվություն՝ ԱՄՀ-ի և Եվրամիության կողմից առաջ քաշվող պահանջների վերաբերյալ։ Կառավարությունն այս արշավի վրա ծախսել է մոտ 705 հազար եվրո։

Նշենք, որ Հունգարիան ԱՄՀ-ից և ԵՄ-ից օգնություն էր խնդրել նախորդ տարի, երբ ազգային արժույթը՝ ֆորինտը, շեշտակի արժեզրկվեց՝ մեծացնելով երկրի պարտքային պարտավորությունները։ Սակայն բանակցությունները մինչ օրս արդյունք չեն տվել։ Միջազգային կառույցները Բուդապեշտի առաջ կոշտ պահանջներ են դնում, որոնք Վիկտոր Օրբանի կառավարությունը պատրաստ չէ բավարարել։

Վարչապետ Օրբանի խոսքերով, 2013թ. Հունգարիան կարող է ինքնուրույն ֆինանսավորել իր պահանջմունքները։ Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի համար պատասխանատու նախարար Միխայ Վարգան նշել է, որ քննարկումները կշարունակվեն այս ամսվա կեսերին։

Ապրիլին Օրբանը մեղադրել էր Եվրամիությանը շանտաժի մեջ՝ վարկավորման լրացուցիչ պայմաններ առաջ քաշելու համար։ ԵՄ-ն, մասնավորապես, Բուդապեշտից պահանջում է խստացնել հարկաբյուջետային քաղաքականությունը։

Հունգարիայի տնտեսությունը դժվարությունների մեջ է 2000-ականների կեսերից և արդեն մի քանի անգամ հայտնվել է ռեցեսիայի մեջ։  Պաշտոնական կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարում Հունգարիայի ՀՆԱ-ն կաճի ընդամենը կես տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031