Միջազգային Ռուսաստանը փոփոխություններ է կատարել «Հայրենակիցներ» ծրագրում

«Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստան տեղափոխվել ցանկացողների հնարավորությունները պաշտոնական Մոսկվան ավելի է դյուրացնում և ընդլայնում։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ծրագրում նոր փոփոխություններ են կատարվել, որոնք վերացնում են բյուրոկրատական որոշ խոչընդոտներ, բացի այդ` ընդլայնվում է ընտանիքի անդամների ներգրավվածությունը. պետական այս ծրագրով Ռուսաստան մեկնողների ընտանիքների անդամների մեջ արդեն կարող են ներառվել պապերը և տատերը, չափահաս տարիքի եղբայրները եւ քույրերը, ինչպես նաև որդեգրված երեխաները, ինչը հնարավորություն է տալիս մեկնել մեծ ընտանիքներով։

Երեքշաբթի օրը Մինսկում այս մասին հայտարարել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարության ազգամիջյան հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին։

Նրա խոսքով` Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովել 300.000 միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր և հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։

Իսկ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայրենակիցների գործերով վարչության խորհրդական Դմիտրի Կոսաչևը հայտարարել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր 90.000 հայրենակիցներ` իրենց ընտանիքներով, արդեն տեղափոխվել են Ռուսաստան։

2006 թվականից սկսված ծրագրում, նրա խոսքով, վերջին տարիներին դրական դինամիկա է զգացվում. «Եթե 2010 թվականին Ռուսաստան է տեղափոխվել 13.000 մարդ, 2011-ին` 32.000, ապա ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում արդեն 34 հազար մարդ` իրենց ընտանիքներով»,- ասել է նա։

Կոսաչևը հայտարարել է, որ Միգրացիոն դաշնային ծառայության գնահատմամբ` 2012-ին Ռուսաստան կտեղափոխվի մոտավորապես 50.000 մարդ, անցյալ տարվա ցուցանիշները կգերազանցվեն մեկուկես անգամ։

Նա նշել է, որ պետական այս ծրագրի նկատմամբ ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում Ղազախստանում ապրող հայրենակիցները` ավելացնելով, որ զգալի թվով մարդիկ են տեղափոխվել նաև Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից և Հայաստանից։

Այս տեղեկությունները հրապարակվել են երեքշաբթի օրը Բելառուսի մայրաքաղաքում անցկացված հանդիպման ժամանակ, որի մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Միջոցառման մասնակիցները նաև նշել են, որ ի սկզբանե «Հայրենակիցներ» ծրագիրը նախատեսված էր 6 տարվա համար և պետք է ավարտվեր այս տարվա դեկտեմբերին, սակայն սեպտեմբերին որոշում ընդունվեց պետական այս ծրագիրը դարձնել անժամկետ և ավելի հրապուրիչ տեղափոխվողների համար։

Տեսանյութեր

Լրահոս