Զգալի փոփոխություններ «Անելիք Բանկ»-ի բաժնետերերի կազմում
«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը։
«Դեռ 2009 թվականին CreditBank s.a.l-ը ձեռք բերելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 51%, դարձավ բանկի ռազմավարական եւ հիմնական բաժնետեր: Վերջին փոփոխությունները բաժնետերերի ցանկում, կարծում եմ, դրական կանդրադառնան բանկի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծեն տարածել «ԱՆԵԼԻՔ» ապրանքանիշը ոչ միայն ԱՊՀ երկրներում, որտեղ այն այժմ ամենատարածված եւ ճանաչելի ֆինանսական ապրանքանիշերից մեկն է, այլեւ` Միջին Արևելքում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:



