Ինչպե՞ս են գոմեշի միսը «սաղացնում» (և մինչ օրս «սաղացրել») ժողովրդի վրա
Գոմեշի ներկրված մսի թեման դարձել է հասարակության քննարկման լուրջ առարկա: Չնայած, որ արդեն տարիներ շարունակ այդ միսը ներկրվում է Հայաստան և լայնորեն օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ, նաև սուպերմարկետներում և խանութներում տավարի մսի անվան տակ ազատ վաճառվում է` ընդամենը վերջերս այն լուրջ քննարկման արժանացավ: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ բանակում զինվորներին տավարի մսի անվան տակ՝ գոմեշի մսի բրիկետներ են մատակարարել:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց: «168 Ժամի» տեղեկություններով` Ա. Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հայտնի պատմության հետ: Ըստ թերթի աղբյուրների, Փայտյանը ներգրավված է եղել Հնդկաստանից ներմուծված գոմեշի ժամկետանց բրիկետը բանակին մատակարարելու, համապատասխան մրցույթը շահելու գործընթացում: Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` միայն լաբորատոր ստուգումների արդյունքում է ճշմարտությունը բացահայտվել, քանի որ գոմեշի բրիկետն արտաքնապես տավարի մսից գրեթե ոչնչով չի տարբերվում: Ինչպես նշել էինք` ամենայն հավանականությամբ, Ա. Փայտյանին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից, քանի որ նա փաստացի կապ չունի մրցույթը շահած ընկերության հետ: Նա այդ «օպերացիան» վերահսկել է` «շեֆի» կարգավիճակով: Սերժ Սարգսյանը Կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ նշել էր, որ Փայտյանը 200.000 դոլար «պարտք» է վերցրել մատակարարից:
Ի դեպ, Ա. Փայտյանը 2003-2005 թթ. եղել է ԶՈւ առաջին բանակային կորպուսի հրամանատարը: Այս միավորումը ներառում է Կապանում տեղակայված ստորաբաժանումները: Այնպես որ, գեներալ Ա. Փայտյանի ու կապանցի գործարար Օհանջանյանի հնարավոր կապը, թերևս, երկրորդական դեր չի խաղացել հենց «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ից մեծածավալ գնումներ կատարելու հարցում: Ի դեպ, գոմեշի մսի հայտնի այս պատմության մեջ ոչ միայն կարևոր էր այն փաստը, որ գոմեշի բրիկետ է մատակարարվել բանակին` տավարի մսի անվան տակ, այլև՝ որ այն հաշվարկվել է տավարի մսի արժեքով, որի արդյունքում՝ հսկայական յուրացումներ են տեղի ունեցել:
Ովքե՞ր են գոմեշի միս ներկրողները
Հայաստան գոմեշի միս ներկրում են 5-6 ընկերություններ: Այդ ընկերությունների ցանկը հրապարակվել է ՀՀ Կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին՝ խնդրել էր ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանում` «հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է»։
Աբրահամ Բախչագուլյանը ներկայացրել էր, թե որ կազմակերպություններն են գոմեշի միս ներկրել, ովքեր իրավունք ունեն ներկրել, ինչպես է ստուգվում միսը, և այլն։ Ըստ այդմ` 2012թ. 9 ամսվա կտրվածքով ներմուծվել է 5284.651 տոննա գոմեշի մսի բրիկետ թվով 5 կազմակերպության կողմից` «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերություն և «Պարգև» ՍՊԸ: 2011թ., այս ընկերություններից բացի, գոմեշի միս են ներկրել նաև «Մուշ» և «Մոկոնատ» ընկերությունները։Հնդկաստանից գոմեշի միս ներկրող առաջատար ընկերությունը ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012թ. առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 3-րդն է: Մուծել է ընդհանուր 9.279.351.200 դրամ հարկ:
Վերջերս բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է՝ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի ղեկավարը, ով քավոր-սանիկական կապեր ունի գոմեշի միս ներկրող մեկ այլ ընկերության` «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ սեփականատերերի հետ: ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս: Ընկերության սեփականատերերն են, ըստ պետռեգիստրի տվյալների` Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը և Վահե Շխրտմյանը:
Հիշեցնենք, որ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում՝ գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Գոմեշի միսն ազատ վաճառվում է
Այսօր քաղաքացիներից շատերը, այնուամենայնիվ, թերահավատորեն են վերաբերվում այն խոսակցություններին, որ մսի որոշ վաճառակետերում տավարի մսի փոխարեն և տավարի մսի արժեքով վաճառվում է Հնդկաստանից ներկրված գոմեշի (նաև սատկած) միս: Շատերի մոտ անգամ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է բրիկետներով ներկրված գոմեշի միսը վերածվել թարմ մորթած տավարի մսի: Գոմեշի մսի հետ կապված հարցերը հուզում են նաև մսի վաճառքով զբաղվող անհատ վաճառականներին, ովքեր դժգոհում են, որ ձեռնարկատերերը, ներկրելով գոմեշի միս, վաճառքի գինն այնքան ցածր են դնում, որ անասնապահ-մսավաճառները չեն կարողանում մրցել նրանց հետ: Իսկ սպառողն այսօր գնում է իր դրամապանակին հարմար միսը՝ խաբվելով մսի տեսքին ու վաճառակետի մաքրությանը: Արդյունքում՝ վաճառվում է էժան, դրսից ներկրված գոմեշի միսը, որպես…տավարի միս:
Այցելեցինք մսի վաճառակետեր` տեղում զրուցելու երկար տարիների փորձ ունեցող վաճառողների հետ: 168.am-ի այն հարցին, թե արդյոք արտաքինից հնարավո՞ր է տարբերել տավարի միսը գոմեշի մսից, 20 տարի մսի վաճառակետում աշխատած Գոքորը պատասխանեց. «Իրականում անգամ երկար տարիներ առնչվելով տարատեսակ մսերի հետ, առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել, սակայն, երբ ձեռք տաս` կզգաս, որ այն իրականում նորմալ ու առողջ կենդանու միս չէ՝ անգամ հոտն է ուրիշ: Սենց ասեմ. գոմեշի միսն իրականում ավելի չոր ու ավելի «սարթ» է: Այն ավելի ոսկրոտ է: Համ էլ, եթե մի անգամ եփում ես՝ զգում ես, որ այն շատ ավելի ուշ է եփվում: Մի խոսքով` լրիվ ուրիշ միս ա: Ամեն դեպքում, գոմեշի միսը մնում ա գոմեշի միս, այն էլ՝ Հնդկաստանից»:
Մեկ այլ մսավաճառ ավելացրեց. «Գոմեշի միսն իր համային հատկանիշներով է ուրիշ: Ինքը լրիվ այլ համ ունի, հեշտ չի մարսվում, ճլոտ է, բայց համային առումով՝ տավարի մսի պես է: Չնայած՝ համարյա թե նույն վիտամինային համակարգն ունի, եթե, իհարկե, առողջ գոմեշ լինի և ոչ սատկած, որի միսը բերում են Հայաստան»:
Ժողովրդին խաբում են, ժողովուրդն էլ խաբվում է
Իրականում խնդիրը ոչ թե այն է, որ գոմեշի միսն ազատ վաճառվում է, և մարդիկ գնում են այն, այլ այն փաստը, որ տարիներ շարունակ մարդկանց խաբում են` տավարի մսի անվան տակ և տավարի մսի արժեքով` թանկ գնով, վաճառում են ներկրված գոմեշի միսը: Այն նաև օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ: Իսկ ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվում ներկրված գոմեշի միսը «տավարի» մսի վերածելիս: Այլ կերպ ասած` ինչպե՞ս են խաբում մարդկանց:
168.am-ի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է քաղաքի վաճառակետերում գտնել գոմեշի միս, և ինչպե՞ս կմեկնաբանեն այն խոսակցությունները, որ սատկած գոմեշի միս են ներկրում Հայաստան և տավարի մսի անվան տակ վաճառում են մարդկանց, աշտարակցի անասնապահ և մսավաճառ Հրաչը պատասխանեց. «Նման խոսակցություններ եղել են դեռևս 2 տարի առաջ, երբ շշուկներ տարածվեցին, որ զինվորներին տավարի մսի փոխարեն՝ գոմեշի միս են տալիս: Հիմա է, որ արդեն պաշտոնյաները բարձրաձայնում են այդ մասին: Միակ մեկնաբանությունը հետևյալն է՝ բոլոր հնարավոր աղացած մսերը, որոնք վաճառվում են փաթեթավորմամբ, հաստատ նորմալ մսեր չեն: Ինչպե՞ս կարող է անասնապահի վրա 1 կիլոգրամ միսը նստել, օրինակ, 2100 դրամ, սակայն սուպերմարկետներում միսը վաճառվի, օրինակ, 1850 դրամով: Դա անհնար է»:
168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է բրիկետավորված միսը վերափոխվել, դառնալ մատղաշ տավարի մսի կտոր, մեր զրուցակիցը` անասնապահ և մսավաճառ Հրաչը պատասխանեց. «Դա տեխնոլոգիա է: Իրենք կարող են ամեն տեսակ մսից էլ ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Ընդամենը հարկավոր է փուլ առ փուլ մշակել: Մի քանի անգամ պետք է թանզիֆով (марля) ծածկել, մինչև այն կստանա իր վարդագույն տեսքը: Վերջում էլ երկու կտոր բրիկետավորված մսի մեջտեղում տեղադրում են յուղի բարակ շերտ ու թողնում են, որ այն ներծծվի: Արդյունքում՝ ստանում ես իդեալական, թարմ, առողջ «տավարի», բայց իրականում` գոմեշի միս»: «Խանութների` սուպերմարկետների աշխատակիցները, որոնք տեղյակ են գոմեշի մսի պատմություններից, հաճախակի ասում են, որ այն իրականում երշիկեղենի արտադրամասեր է գնում և սպառողին մսի տեսքով չի հասնում, բայց դա այդքան էլ այդպես չէ: Եթե անգամ երշիկի մեջ են օգտագործում, ապա երշիկն էլ է սնունդ, ու անգամ այնտեղ չպետք է օգտագործեն անորակ ու հին միս: Մենք մի հատ տավարն ամբողջությամբ օգտագործում ենք՝ կաշվից մինչև ոսկոր: Մորթին, հայտնի է, որ գնում է հարևան Թուրքիա՝ մշակվելու և կաշվի տեսքով Հայաստան վերադառնալու, ոսկորները, որոնք անգամ որպես շան կեր չենք կարող վաճառել` հանձնում ենք հատուկ հավի կերի արտադրամաս, որտեղ դրանք մանր աղալուց հետո դառնում են կեր, դե, իսկ միսն էլ վաճառում ենք»:
168.am-ը նաև զրուցեց գոմեշի միս ներկրող ընկերություններից մի քանիսի հետ, մասնավորապես՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության հետ, որոնք ասացին, որ ներկրված գոմեշի միսը վերավաճառում են 1200-1300 դրամով: Հարցին, թե ի՞նչ նպատակով է վաճառվում այն, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք զուտ ներկրող են ու վերավաճառող: Նույնանման պատասխան ստացանք նաև «Ունիվերսամ Ավան» ընկերության տնօրեն Աղասի Դանիելյանի հետ զրույցի ընթացքում, ով, չհերքելով, որ իրենք ներկրում են գոմեշի միս, հավելեց. «Ի՞նչ տարբերություն՝ տավա՞ր, թե՞ գոմեշ»։
Գոմեշի և տավարի մսի առանձնահատկությունները
Վերջում ընթերցողին ներկայացնենք գոմեշի և տավարի մսի սննդային արժեքի և կալորիականության մասին տեղեկություններ: