Բաժիններ՝

Վերջին 7 տարում հացը Հայաստանում թանկացել է 44 տոկոսով. հետազոտություն

2012թ. հունիսին 2005թ. հունիսի համեմատությամբ՝ հացը և հացամթերքը Հայաստանում թանկացել են 44 տոկոսով: Սրանք «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի կողմից պատրաստված «Գները և խոցելիությունը Հայաստանում» զեկույցի «Պարենային հիմնական մթերքների» գները բաժնում զետեղված տվյալներն են: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Ըստ այդմ՝ 2010 թվականին Հայաստանում հացամթերքի գինը միջինը բարձրացել է 4.7, 2011-ին՝ 11 %-ով: Համեմատելով բնակչության բարեկեցության տասը տարբեր մակարդակները բնութագրող դեցիլային խմբերում սպառման տվյալները, կարելի է ասել, որ գների բարձրացումը հանգեցրել են հացի սպառման կրճատման բոլոր խմբերում: Հաշվի առնելով, որ սպառվող ընդհանուր ապրանքների կառուցվածքում հացը գերազանց մեծամասնություն է կազմում աղքատների համար, ուստի դրա սպառման կրճատումը, չլրացվելով այլ ապրանքատեսակներով, հանգեցնում է աղքատ բնակչության թերսնման, վստահ են զեկույցի հեղինակները:

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Ելենա Մանուկյանը, այսօր լրագրողների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված կլոր սեղանի ընթացքում հավելեց, որ «բացի դիետայից մնացած սահմանափակման յուրաքանչյուր ձև համարվում է թերսնում»:

Նկատենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է: Որպես հացամթերքի գնի ավելացման հիմնական գործոն՝ դիտվում է ցորեն մատակարարող խոշոր երկրների՝ ՌԴ-ի և Ուկրաինայի կողմից ցորենի արտահանման ժամանակավոր սահմանափակումների կիրառումը, և առաջարկվում ավելացնել ցորենի արտադրության ծավալները:

Կարտոֆիլի գնաճը բացասական է անդրադառնում ամենաաղքատ 10%-ի վրա: Մեր երկրի շուկայում կարտոֆիլի գների աճ նկատվել է 2001, 2006, 2010թթ՝ 33- 55 տոկոսի սահմաններում: Նախորդ տարի կարտոֆիլի գները աճել են 45.6 տոկոսով, սակայն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 27.4 տոկոսով:

Կաթնամթերք և կենդանական յուղ: 2004 թվականից սկսած Հայաստանում կաթնամթերքի գները շարունակական աճի միտում են ցուցաբերում: Գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է նախորդ տարի՝ հասնելով՝18. 6 %-ի: Թանկացումները շարունակվել են նաև այս տարի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արձանագրելով 3.8% գնաճ:

Հատկապես բարձր է կարագի գների աճը. նախորդ տարվա համեմատ թանկացել է մոտ 20.4%-ով, 2012-ին՝ 8.3:

«Արդյունքում, 2010 –ի տվյալներով՝ մեկ անձն աղքատ ընտանիքում միջինը սպառում է կրկնակի քիչ քանակությամբ կարագ, քան նախորդ տարի և 6 անգամ քիչ, քան սահմանված է նորմայով»,-նշված է զեկույցում:

Մսամթերք: Հայաստանում շարունակաբար աճում են մսամթերքի գները. 2011-ին մսամթերքի գնաճը կազմել է 12, իսկ 2012-ին՝ 2011-ի հետ համեմատած՝ 10. 2 %:

Հայաստանում մսամթերքի սպառումը 40 տոկոսով զիջում է նվազագույն զամբյուղով սահմանված նորմային: Նշված նորման բավարար է միայն հարուստ խավի մոտ, իսկ մսամթերքի սպառման ծավալների կրճատում տեղի է ունեցել բոլոր խավերի շրջանում: Ամենաաղքատների խումբը մսամթերքի օգտագործումը կրճատել է երեսուն տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս