Բաժիններ՝

Վաղը Երևանում կբացվի առաջին հեծանվուղին

«Կանաչաստան» հ/կ-ն և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին Մոսկովյան 8 հասցեում գտնվող, «Կանաչաստան» հ/կ-ի նկարազարդած բնապահպանական ուղերձով կամարի մոտ կազմակերպում են Երևանի առաջին հեծանվուղու բացման հանդիսավոր արարողությունը:

Երևանի առաջին հեծանվուղին անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով «Առագաստ» սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին:

Ցանկացողներին միջոցառման ընթացքում անվճար հիմքունքով կտրամադրվեն հեծանիվներ նոր հեծանվային արահետով երթևեկելու համար:

«Կանաչաստան» հ/կ-ի և քաղաքապետարանի միջոցներով հոկտեմեբրի 10-ին ավարտված կլինեն հեծանվուղու նշանների տեղադրման, գծանշման, հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները:

Հեծանվուղու բացմանը նվիրված միջոցառումը կմեկնարկի կենդանի ջազ համերգով՝ The Nooz Band-ի կատարմամբ: Բնապահպանական ուղերձով կամարանցումի նկարիչը կանցկացնի եռաչափ (3D) նկարչության վարպետության դաս՝ նախատեսված երիտասարդների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել նկարչության այդ ոճին:

Միջոցառումը համատեղում է Կանաչաստանի «Էկո-երթ» և կամարանցումների նկարազարդման «ԿամավՈր» ծրագրերը, որոնք խթանում են բնապահպանության և կամավորության մշակույթի զարգացումը քաղաքում: «Էկո-երթ» և «Կամավոր» ծրագրերն իրականացվում են «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Հեծանվային տրանսպորտի ներդրումը հիմնվում է «Կանաչաստան» հ/կ-ի իրականացրած հանրային կարծիքի հետազոտության վրա, ըստ որի՝ հեծանվային տրանսպորը ողջունելի է, իսկ քաղաքում հեծանվուղիների կառուցումը՝ առաջին անհրաժեշտություն:

«Կանաչաստան» հ/կ-ն իր «Կամավոր» ծրագրի շրջանակում վերջին 3 ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նկարազարդման աշխատանքներ է իրականացրել նաև քաղաքի մի շարք կամարանցումներում, որոնք արվեստի միջոցով սոցիալական և բնապահպանական ուղերձ են հղում բնակիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս