Բաժիններ՝

Հագուստը կծերանա մարդու պես

Մրցակցությունն իսկական հրաշքներ է գործում՝ ընկերություններին ստիպելով նորանոր  քայլեր մտածել՝ շուկայում իրենց տեղը չկորցնելու համար։  Գերմանական Puma ընկերությունը, որը ձգտում է վաճառքի ծավալներով հասնել Nike-ին և Adidas-ին, հաջորդ տարի կարտադրի սպորտային կենսաբանորեն քայքայվող հագուստ և կոշիկ, որոնք վնաս չեն պատճառի շրջակա միջավայրին։

Puma-ի նոր հավաքածուում տեղ կգտնեն մարզակոշիկներ, սպորտային վերնազգեստ, բաճկոններ և պայուսակներ` պատրաստված այնպիսի նյութերից, որոնք պիտանի են կրկնակի վերամշակման համար։ Ծառայության ժամկետի ավարտից հետո դրանք հնարավոր կլինի ետ վերադարձնել խանութին՝ վերամշակման համար։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆրանց Կոխը «Ռոյթերզին» ասել է, որ Puma-ի հավաքածուում տեղ կգտնեն 22 անուն ապրանքներ։ Ընդ որում՝ վաճառքի վերաբերյալ որևէ կանխատեսում Կոխը չի արել։

«Մենք որոշել ենք, որ ռացիոնալ բնօգտագործումը մեգա-միտում է։ Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ աշխարհի բարելավման գործում։ Միևնույն ժամանակ, ցանկանում ենք յուրահատուկ դարձնել մեր մրցակցային առավելությունները»,- ասել է Puma-ի տնօրենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս