Նախկին նախարարի որդին հորից ավելի հարուստ է

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը նոր կոալիցիոն կառավարությունում միակ «իշխանական» նախարարն էր, ում հեռացրին աշխատանքից: Նա այդ պաշտոնում էր նշանակվել ՕԵԿ-ական քվոտայով:

Մանուկ Վարդանյանը 2009-2010 թթ. ՀՀ նախագահի խորհրդականն էր, մինչ այդ՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահը, իսկ 2010 թ. մարտի 15-ից մինչև այս տարվա հունիսը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը: Խոսակցություններ կան, որ առաջիկայում ևս պաշտոնի է նշանակվելու:

Մանուկ Վարդանյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրից պարզվում է, որ ինքը և իր ընտանիքի անդամներն այնքան էլ «համեստ» եկամուտներ չունեն:

Նշված տարում, նախկին նախարարն ունեցել է 2 մլն 967 հազար 600 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է, սակայն Մանուկ Վարդանյանի հաշվեհամարին 2011թ. սկզբին եղել է 205 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 200 հազար:

Մանուկ Վարդանյանի կինը՝ Նելլի Ղալթախչյանը, ըստ հայտարարագրի, նախորդ տարի որևէ տեղ չի աշխատել և եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվեհամարին եղել է 40 հազար դոլար:

Ընտանիքի անդամներից ամենահարուստը նախկին նախարարի որդին է՝ Վարդան Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ նա այժմ «Արմէկոնոմբանկում» մասնագետ է աշխատում և աշխատանքի է գնում «Range Rover» մակնիշի թանկարժեք ավտոմեքենայով:

Վարդան Վարդանյանը 2011թվականին աշխատավարձի տեսքով որևէ եկամուտ չի ստացել: Նախկին նախարարի որդու եկամուտը գոյացել է միայն ավանդից ստացած տոկոսագումարից, որը զգալի գումար է՝  7 մլն 188 հազար դրամ: Վարդան Վարդանյանը 2011 թվականի սկզբին իր հաշվեհամարին ունեցել է 315 մլն դրամ, որը նվազելով տարեվերջին հասել է 5 մլն դրամի: Բացի դրանից՝ մեկ տարվա ընթացքում նա իր հաշվեհամարին կուտակել է 900 հազար դոլար:

hetq.am

Տեսանյութեր

Լրահոս