Արայիկ Հայրապետյանի կուսակցության շենքը լինելու է ապակեպատ և առանց «կաբինետների»
Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, ցանկանում է ստեղծել ամենատարբեր տրամաչափի գործարարների կուսակություն: Իր այս մտադրության մասին Հայրապետյանը հայտնել է Yerkir.am-ի հետ զրույցում` նշելով, որ իրենց նպատակը խորհրդարան անցնելը չէ:
«Մեր նպատակն է, որ բոլորս հավաքվենք մեր դարդ ու ցավերով: Մենք ունենք շատ չլուծված խնդիրներ և կփորձենք դուրս գալ այդ խնդիրներից»,- հայտարարել է Հայրապետյանը:
Դիտարկմանը, որ եթե անգամ անցնեն խորհրդարան, այդ դեպքում էլ չեն կարող զբաղվել գործարարությամբ` օրենքը թույլ չի տալիս, Հայրապետյանը համաձայնել է, բայցև նշել է, որ հնարավոր է` հետագայում «ռեալ քաղաքականությամբ զբաղվողներից մեկին գործուղեն ԱԺ, որ իրենց ձայնը լսելի լինի»:
Հարցին, թե ինչպե՞ս նման միտք հղացավ, Հայրապետյանը պատասխանել է, որ ցանկանում է «մեր երեխաներին թողնել ավելի հստակ և կոնկրետ անելիքներ»: Նա նշել է, որ այս պահին դեռ նախաձեռնող խումբ է ձևավորվում, փաստացի կուսակցությունը կստեղծվի փոքր-ինչ ուշ:
Թե ո՞ր գործարարներն են ցանկություն հայտնել ընդգրկվել այդ կուսակցությունում, Հայրապետյանը չի նշել` ասելով, թե` պայմանավորվածություն կա:
«Մենք աշխատելու ենք շատ բաց, անգամ մտածել եմ, որ մեր կուսակցության գրասենյակը լինելու է ապակեպատ տարածք, ուր չեն լինելու կաբինետներ, եթե եղավ 1000 հատ սեղան, 1000-ն էլ պետք է շարվեն իրար կողքի: Կուսակցության նախագահը տարին մեկ` ռոտացիոն կարգով է ընտրվելու»,- հայտարարել է Հայրապետյանը:
Կուսակցության անդամները թիվը հարյուր հազար չի լինի: «Հազարների մասին է խոսքը»,- նշել է նա` ընդգծելով, որ գործարարը միայն նա չէ, ով ունի միլիոնավոր դոլարներ, այլ` նա, ով ունի 3 աշխատող:
Հայրապետյանը հայտնել է նաեև որ հենց երեք և ավելի աշխատողներ ունեցող գործարարներից սկսած էլ կարող են անդամագրվել ապագա կուսակցությանը: Կուսակցությանը չեն կարող անդամագրվել գործարարների աշխատողները:
Վերջում Հայրապետյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ, անկախ իր կամքից, գործարարը չի կարող չզբաղվել քաղաքականությամբ: