Բաժիններ՝

Մոսկվայում ստեղծվել է «Այբիկ» կենտրոնը

«Այբ» ակումբի  մի քանի հիմնադիրների և մոսկվաբնակ անդամների նախաձեռնությամբ Մոսկվայում կյանքի է կոչվել ուսումնական նոր կենտրոնի գաղափարը՝ «Այբիկ» հայկական դպրոցը: Նոր դպրոցը  նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար։

Այս մասին 168.am-ը տեղեկացավ «Այբ» կրթական հիմնադրամից:

Նոր դպրոցը նպատակ ունի նպաստել հայոց լեզվի, մշակույթի և պատմության պահպանմանը, այլև՝ իրականացնել բոլոր գաղափարները՝ կապված հայոց լեզվի դասավանդման, հայրենիքի հետ երեխաների մերձեցման և մեր ժողովրդի պատմական ժառանգության փոխանցման հետ։

«Այբիկին» «Այբի» մեծ գաղափարին կապողը, առաջին հերթին, Մոսկվայում բնակվող երեխաներին «Այբ» դպրոց ընդունվելուն նախապատրաստելն է, իսկ երկրորդ հերթին՝ «Այբի» գաղափարախոսության տարածումն է՝  երևանյան դպրոցում արդեն ձևավորված որակի ու չափանիշների պահպանմամբ։

«Այբիկ» ուսումնական կենտրոնն աշխատում է շաբաթը մեկ օր, կազմակերպվում են հայոց լեզվի և գրականության, պատմության, մշակույթի և երաժշտության (հետագայում՝ նաև պարի) պարապմունքներ։ Այժմ դպրոցում կա երկու դասարան (7-9 և 10-12 տարիքային խմբերի համար)։

Նշենք,որ «Այբիկն» արդեն գործում է։ Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել դպրոցի հանդիսավոր բացումը և ուսումնական  առաջին օրը։  Հոկտեմբեր ամսվա ընթացքում շարունակվելու է երեխաների ընդունելությունն «Այբիկ»։ Կազմակերպիչները ցանկանում են ներգրավել համախոհների,  ում, ինչպես և իրենց, մտահոգում է ոչ հայկական միջավայրում երեխաների ուծացման հարցը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս