
«Ամեն անգամ copy paste էին անում նույն պատասխանն ու ուղարկում»

Արդեն երրորդ ամիսն է` լրագրող Զարուհի Մեջլումյանը պատասխան չի ստացել քրեակատարողական վարչությունից: Նա դիմել է խնդրանքով`«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու և ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ հարցազրույցներ անցկացնելու համար: Ըստ Զարուհի Մեջլումյանի, ով նաև ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ է, նա պատասխան պետք է ստանար նամակն ուղարկելուց մեկ ամիս անց:
Զարուհի Մեջլումյանի տեղեկացմամբ` անցյալ տարի ևս նրան չի հաջողվել մուտքի թույլտվություն ստանալ. «Անցյալ տարի 6 ամիսների ընթացքում ես ստացել եմ 4 կամ 5 մերժում. հիմնական պատճառաբանությունն անվտանգության նկատառումներն ու աշխատակազմի ոչ բավարար լինելն էր: Ամեն անգամ copy paste էին անում նույն պատասխանն ու ուղարկում»: Ըստ նրա՝ եթե չկա թաքցնելու որևէ բան, ապա ինչո՞ւ չի կազմակերպվում լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ: